ԲՀԿ-ն բոյկոտում է
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ‘168 ժամ’ թերթը իր հրապարակումներից մեկում խեղաթյուրել է խոսնակի ասածները:
‘Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ: Հերթական անգամ դիմում եմ ձեզ տեղեկացնելու համար թերթերից մեկում տեղ գտած մի հրապարակման բացարձակապես սուտ և թյուր լինելու մասին: ‘168 ժամ” թերթի հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի “Չի հերքել” վերնագրով նյութը (http://henaran.am/archives/131903 ) որևէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ և չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձևակերպումների ձևաչափի մեջ: Արդեն որերորդ անգամ հարկադրված եմ անդրադառնալու այդ թերթի կողմից, կարծում եմ միտումնավոր, իմ խոսքերի խեղաթյուրմանը: Իհարկե, որպես ապացույց գոյություն ունեն իմ բոլոր հեռախոսային հարցազրույցների ձայնագրությունները, այդ թվում և այս:
Առիթից օգտվելով նորից եմ կոչ անում բոլորիդ, որպես գործընկերների ում հետ աշխատում եմ մեծ հաճույքով ու հարգանքով գրեթե քսանչորսժամյա ռեժիմով, երբևէ չեմ զլանում զրուցել որևէ թեմայով և մեկնաբանել ցանկացած հարց, չխեղաթյուրել և որևէ կերպ չփոխակերպել ձեր հարցերին տրվող իմ պատասխանները: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից սկսած ԲՀԿ լրատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժինը բոյկոտում է “168 ժամ” թերթի հետ աշխատանքը և դադարեցնում աշխատանքային հարաբերությունները, այն պարզ պատճառով, որ խմբագրությունը հակված չէ ճշգրիտություն պահպանելու և բազմիցս նաև հրաժարվել է ճշգրտելու թյուր տեղեկատվությունը: Իսկ այդ թերթի և համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր “ֆեյքերի” և այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքերով կեղտոտ և սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, և յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման և պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն’: