“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը” … Մոնսերատ Կաբալիեն Արցախում է /ֆոտո
“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը”,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն: Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:
Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր և ստեղծագործական խմբի հետ այցելեց Արցախ: Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի նախագահը կարևորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
“Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ”,- նշել է Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները: ”Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։
Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը”,- ավելացրել է երգչուհին: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991):
Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994): Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին և նրա դստերը` հայտնի երգչուհի, սոպրանո Մոնսերատ Մարտիին, հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր նվիրեց, որոնք նրանք կրեցին Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնելուց հետո: Այսօր երեկոյան երգչուհին, ստեղծագործական խումբը և արտերկրից ժամանած այլ հյուրերն այցելեցին նաև Շուշի, եղան Շուշիի Մայր Տաճարում` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետև այցելեցին Նորավանք և վերադարձան Երևան:
Նշենք, որ Մոնսերատ Կաբալիեին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, և նախագծի հեղինակ, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:
Ավելացնենք, որ մինչ այդ Արցախ էին այցելել անգլիացի աշխարհահռչակ բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, “Deep Purple”, “Black Sabbath” խմբերի նախկին անդամ, “Black Country Communion” սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզը (Glenn Hughes), Դերեկ Շերինյանը, հանրահայտ Ալ Բանոն, հայտնի տիեզերագնաց Չառլի Դյուկը (Charlie Duke)` “Ապոլոն-16»-ից, ով 12 լուսնագնացներից 10-րդն է, ով իր առաքելությունը կատարել է 36 տարեկանում` լինելով ամենաերիտասրդ լուսնագնացը: Անցյալ տարի Ստեփանակերտ էր այցելել նաև շվեյցարացի աստղագնաց Կլոդ Նիկոլիեն: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գլեն Հյուզը, Դերեկ Շերինյանը և Dorians խումբը մեծ համերգ ունեցան Ստեփանակերտի հրապարակում: