Պոռնկությունը հրահրողն է
Որովհետեւ Տերը եթե մի կնոջ նայելն անգամ շնության համազոր է համարել՝ ապա գարշության ախտի համար ի՞նչ պատիժ սահմանած պիտի լինի: Եւ Նա ինչքան է երանում մաքուրներին՝ ասելով. «Երանի՜ սրտով սուրբ եղողներին՝ որովհետեւ իրենց հոգով Աստծո՛ւն են տեսնելու»: Ինչքան մեծ է հատուցումը սուրբերին. Աստծո՛ւն տեսնել՝ եւ աննկարագրելի բարիքներ վայելել:
Քանզի գիշերային ցրտից հետո, երբ արեգակն ենք տեսնում՝ուրախանում ենք նրա ջերմությամբ ու լուսավորությամբ, ինչը փոփոխելի եւ անցողիկ մի ուրախություն է: Ապա ի՞նչ կարող ենք ասել երբ անճառելի լույսը տեսնենք, նրա ու մեր Արարչին տեսնենք, անհամեմատելի բարի Աստծուն՝ որ սուրբ անձերին լիացնում է շնորհներով, եւ նրանց պարգեւում է անսահման բարիքների վայելքները, անվախճան երանություններն ու անսպառ ուրախությունները:
Քանզի անհնար է համեմատելիներով խոսել անճառելիների կայանների մասին: Բայց սրտով սուրբ ու մարմնի անդամներով անարատ եղողներին՝ Քրիստոս երեւելի է դառնում աննկարագրելի ձեւով:
Բայց երբ հոգով ու մարմնով ոտից գլուխ անսուրբ են լինում՝ ապա նրանց մարմինը սրտից վերացնում է նրագործունեության հանգամանքները: Որովհետեւ ինչպես Տերն է ասում՝ մարդու սրտի՛ց են ելնում չար խորհուրդների չարիքները, եւ պղծվում է մարմինը:
Դրա համար ասում է. «Եթե աչքդ կամ ձեռքդ կամ որեւէ այլ անդամդ գայթակղեցնի քեզ՝ապա կտրի՛ր այն ու հեռացրո՛ւ քեզանից»:
Այս հրամանը ո՛չ թե անդամներն է հատել տալիս՝ այլ այդ ախտերը աշխուժացնող ցանկությունը, որը նրանցում գործում է անձը կորստյան մատնելու համար: Որովհետեւ պոռնկությունը հրահրողն է անշեջ հուրի՝ նրա բոլոր չարիքներով հանդերձ:
Երբոր Փրկիչն ուզեցել է Առաքյալներին աշխարհ ուղարկել՝որ ճշմարտության Բանը սերմանեն հավատացյալների մտքի հանդերում, եւ նրանց բերեն ուղղության կարգին՝ հրամայել է նախ նրանց մեջից խլել ցանկության բույսերի փուշը, այսինքն` մարմնի ու մտքի կամեցողությունը՝ եւ հնազանդեցնել Ավետարանին:
Եւ միայն դրանից հետո սերմանել ավետիսը, ու հրավիրյալներին հրավիրել խոստովանությամբ ապաշխարելու՝ որ հաշտվեն բոլորիս Արարչի հետ: Որպեսզի Ավետարանի քարոզությանն հնազանդողներին արժանացնեն Տիրոջ կենդանի հույս-իմացականության սուրբ երախիքներին՝ որ ժամանեն հավիտենական կենաց օթեւան, Հիսուս Քրիստոսի մոտ:
Եւ ժողովներում Առաքյալները սույն խնդրի առնչությամբ նախ այս են ավանդել հրեաներին ու հեթանոսներին՝ որոնք նախընտրել են հեռանալ պոռնկությունից, հեղձելուց եւ արյուն հեղելուց:
Ովքեր կատարում են այս բարի գործերը՝ անձնապես ստանում են թե՛ ներկայի եւ թե՛ ապագայի զորությունները:
(Շարունակելի)
Սուրբ Մեսրոպ Մաշտոց Լուսավորիչ
«Նարեկ» աղոթքի խմբի հանրագրից