Հունգարա-ադրբեջանական հերթական խայտառակ գործարքը. Ադրբեջանը ստորագրել է Արցախի անունից
“Ադրբեջանի կողմից հակահայկական քայլերը շարունակում են ավելի մասշտաբային դառնալ եւ անհրաժեշտ է, որ մենք համապատասխան քայլեր ձեռնարկեք դրա դեմ”: Այս մասին մայիսի 30-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարել է “Շուշի” բարեգործական հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը` անդրադառնալով Շուշի եւ Դյոնդոշ քաղաքների միջեւ ստորագրված, այսպես կոչված` եղբայրության մասին հռչակագրին` հունգարական քաղաքի քաղաքապետարանի եւ ադրբեջանական պատվիրակության կողմից, գրում է “Երկրամասը”:
Նա նշել է, որ այդ միջադեպի կապակցությամբ ինքը նամակ է ուղարկել հունգարական քաղաքի քաղաքապետ Լասլո Ֆարագոյին եւ “Հանուն ավելի լավ Հունգարիայի” խորհրդարանական խմբակցության ղեկավար Գաբոր Վոնային, որում մասնավորապես նշել է.
“Անկասկած` ձեր որոշումն է` հակամարտության որ կողմի հետ բարեկամական հարաբերություններ կառուցել եւ որին աջակցել: Հայտնի իրադարձությունները` կապված ադրբեջանական բանակի սպայի հետ, ով քնած ժամանակ կացնահարել էր հայ սպային, կասկածի տակ են դնում հունգարական իշխանությունների` միջազգային նորմերի նկատամամբ հարգանքը եւ նրանց ձգտումը` Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար: Նման քաղաքականության շարունակության մասին վկայում է հունգարական Դյոնդոշի քաղաքապետարանում տեղի ունեցած պատշտոնական արարողությունը”:
Չնայած այդ ամենին, Բակուր Կարապետյանը հունգարական իշխանություններին առաջարկել է շարունակել բարեկամական հարաբերությունները ոչ թե ինչ-որ ինքնակոչների, այլ քաղաքի իսկական իշխանությունների հետ:
Նա հավաստիացրել է, որ պատարստ է խնդրել ԼՂՀ եւ Շուշիի շրջանի իշխանություններին թույլատրել հունգարական պատվիրակությանն այցելել Շուշի եւ գործնական կապեր հաստատել քաղաքի իսկական իշխանությունների հետ: Կարապետյանն ընդգծել է, որ հրավերի մերժումը կհաստատի այն, որ մայիսի 9-ին Դյոնդոշի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառումը քաղաքական ակցիա էր եւ ուղղված էր էլ ավելի սրելու հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-հունգարական հարաբերությունները: