Եթե Քոչարյանը դուրս գա “առանց ականջների”
“Հանրապետություն” կուսակցությունը դեռ չի քննարկել 2013թ նախագահական ընտրություններին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրման հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
“Կառաջադրվի Արամ Սարգսյանը, թե ոչ, դեռ պարզ չէ: Իրավիճակը գնահատել է պետք: Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ, եթե իշխանափոխությունը մեզ համար լոկ արեւի տակ տեղ փնտրելը լիներ, մենք դա վաղուց կանեինք”,-նշել է նա եւ հավելել, որ “Հանրապետություն”-ը այս փուլում զբաղված է կուսակցաշինությամբ:
Սուրեն Աբրահամյանի խոսքով, Արամ Սարգսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը պարզ կդառնա մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, բայց բոլոր դեպքերում կուսակցությունը, նրա խոսքով, ակտիվ է լինելու:
Հարցին, թե ում կսատարի “Հանրապետություն”-ը Արամ Սարգսյանի չառաջադրվելու դեպքում, Սուրեն Աբրահամյանը պատասխանել է.”Երբ թեկնածուները կլինեն, կորոշենք: Հնարավոր թեկնածուների մեջ առայժմ առաջադրման մասով Սերժ Սարգսյանն է հայտնի, ուրիշ ոչ ոքի չեմ տեսնում”: Դիտարկմանը, թե արդյոք ասվածը նշանակում է, որ բանախոսը չի բացառում Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը, Սուրեն Աբրահամյանն ասել է.”Ես նրա ծրագիրը չեմ տեսել: Մենք միշտ մեզ տեսնում ենք ընդդիմադիր դաշտում: Ես չգիտեմ, թե կուսակցությունն ինչ կորոշի, բայց որ Քոչարյանը դուրս եկավ առանց ականջների, այն ժամանակ դա մտածելու խնդիր կլինի: Ես իմ կարծիքն եմ ասում”:
Իսկ կսատարի արդյոք “Հանրապետությունը” Տեր-Պետրոսյանին: Այս հարցին Սուրեն Աբրահամյանը հետեւյալ պատասխանն է տվել.”Երբ սեփական թեկնածուն չենք ունենա, եւ ՀԱԿ-ն իր թեկնածուն կունենա, կունենա իր ծրագիրը` ավելի վճռական, կմտածենք, սատարել, թե ոչ: Մենք հասկանում ենք, որ դասական ձեւով իշխանափոխություն չի կարող լինել”:
Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյան-Քոչարյան հնարավոր համաձայնությանը 2013թ նախագահական ընտրություններով պայմանավորված, Սուրեն Աբրահամյանը նման սցենարն անտրամաբանական է համարել` նշելով, թե գիտի Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի վարած քաղաքական գծին, նա նշել է.”ՀԱԿ-ի հետ կապված` կամ լավը, կամ ոչինչ”: Լրագրողի դիտարկմանը, թե այդպես ասում են հանգուցյալի հետեւից, Սուրեն Աբրահամյանը նկատել է, թե իրեն պրովոկացիայի են դրդում: