Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից` ոգեւորվելով Թուրքիայի գործողություններից. Ա. Զաքարյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տարածաշրջանային գործընթացներին եւ զարգացումներին:
Ըստ նրա` տարածաշրջանի համար սպառնալիք է հանդիսանում Ադրբեջանը, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից` ոգեւորվելով սիրիական հակամարտության մեջ ներգրավվելու Թուրքիայի փորձերից: Սակայն նա միաժամանակ նշեց նաեւ, որ այս հարցում պակաս կարեւոր չէ ԵՄ-ան եւ ԱՄՆ-ի դերը` Ադրբեջանի սպառազինությունների աճի հետ կապված: Նա նշեց, որ Հայաստանը պետք է ավելացնի դիվանագիտական ջանքերը միջազգային ասպարեզում եւ չենթարկվի թուրք-ադրբեջանական սադրանքներին:
Իրանի միջուկային ծրագրերի շուրջ զարգացումները, ըստ Արտակ Զաքարյանի, եւս վտանգ է հարեւանների համար: Այս առումով բանախոսը լավատեսություն հայտնեց` ընդգծելով, որ տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղություն պահպանել:
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաեւ Բիձինա Իվանիշվիլիի` հայ համայնքի վերաբերյալ արված հայտարարությանը: “Ինչպես պարզվեց` դա լրատվամիջոցի բացթողում էր: “Բազմազգ Վրաստանում ժողովրդավարական ընտրությամբ ընտրվելու արդյունքում Իվանիշվիլին չէր կարող կոնկրետ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք հայտնել”,-նշեց Արտակ Զաքարյանը եւ հավելեց, որ Հայաստանն ավելի ակտիվ գործողություններ պետք է իրականացնի Վրաստանում: