Երեւանը պատրաստվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ:
Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի “Էրեբունի-Երևան” տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի, տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաև 26 այլ բեմահարթակներ:
“Էրեբունի-Երևան” տոնակատարությունը ամբողջ հայության տոնն է և պետք է համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկենք` ապահովելու իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն: Տոնակատարությունների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավվեն նաև երևանցիները`զգալով իրենց մասնակցության կարևորությունը>>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել զանգվածային լրատվության միջոցներով մեկ անգամ ևս տեղեկացնել ազգաբնակչությանը նախատեսված միջոցառումների մասին` մասնակից դարձնելով նաև երիտասարդներին և հասարակական կազմակերպություններին:
Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:
Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Արձանագրված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի:
Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել հատկապես կատարվող աշխատանքների որակին:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել է մայրաքաղաքի տարածքում առկա հին և ոչ պիտանի գովազդների ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում դրանք թարմացվել են:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ տարածքների, Նորքի և Դալմայի այգիների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ իրականացվել է չորացած և վնասված մի շարք ծառերի սանիտարական էտում, զուգահեռաբար գույքագրվել են անկման ենթակա ծառերը` դրանք նորերով փոխարինելու համար: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման նպատակով:
Անդրադառնալով թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքին և բնակչության կողմից դրանց ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններն ու քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներն ապահովված են թեժ գծերի հեռախոսհամարներով: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցված զանգերը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել թեժ գծի հեռախոսահամարներով բնակչության կողմից ստացվող զանգերին և ապահովել թեժ գծերի անխափան աշխատանքը:
Ասիական զարգացման բանկի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանում երկու ճանապարհային հատվածների` մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղություններով կառուցվելիք նոր ճանապարհների կառուցման հետ կապված, ստորագրվել է նախագծման պայմանագիր և մեկնարկել են վերջնական նախագծերի կազմման աշխատանքները: