Կառավարության ներկայացուցիչը ներկա կգտնվի առաջին միասեռ ամուսնությանը

Ֆրանսիայում այսօր առաջին անգամ կկայանա ամուսնություն նույն սեռի ներկայացուցիչների միջեւ: Համապատասխան միությունը թույլատրող օրենքն ուժի մեջ մտավ այս ամսվա սկզբին, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:
Առաջին միասեռ ամուսնությունը տեղի կունենա երկրի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքում: “Փեսացուները” տեղի “Գեյերի եւ լեսբուհիների միության” ղեկավարներ Վենսեն Օտենը եւ Բրյունո Բուալոն են: Պսակադրությանը խոստացել է ներկա գտնվել ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Մոնպելյեն համարվում է “հանդուրժող քաղաք”: “Tétu” ամսագիրը, որը ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ընթերցողների համար է նախատեսված, այն հռչակել է “Ֆրանսիայում գեյերի հանդեպ ամենաբարյացակամ քաղաքը”:
Չնայած կայանալիք հարսանիքին, երկրում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն անթույլատրելի են համարում նման օրենքի ընդունումը: