“Արաքս”-ը շուկա է առաքել “դեռ չարտադրված” ձվի խմբաքանակ
Եթե մայրաքաղաքի որոշ մթերային խանութներում ձեզ հանդիպի 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած ձու, չմտածեք, թե ամսաթվերը շփոթել եք: Թեեւ դեռ հոկտեմբերի 12-ը չէ, բայց “Արաքս”-ը շուկա է առաքել 12.10.12 մակնշմամբ “Արաքս” ձվեր:
Ստացվում է, որ ընկերությունը արտադրության նշված ժամկետից առնվազն վեց օր առաջ շուկա է առաքել ձվերի խմբաքանակը: Մեր տեղեկություններով, “Արաքս”-ի արտադրության ձվերի այս խմբաքանակը նախատեսված է վաճառքի հանել հենց հոկտեմբերի 12-ին: Որոշ խանութներում, սակայն, թյուրիմացաբար ապրանքն ավելի շուտ են վաճառքի հանել:
Այս մասին Henaran.am-ին ահազանգել է մեր ընթերցողներից մեկը, որը հոկտեմբերի 6-ին գնել է հենց այդ մակնշմամբ ձու:
Henaran.am-ը այս փաստի վրա հրավիրում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրությունը: Ներկայացված լուսանկարներում ակնհայտ երեւում է “12.10.12” գրառումը, իսկ մյուս` “01”- գրառումը ձվի քաշային կարգն է: