Ամեն դեպքում այսօր տոն է
Գեներալ մայոր, ՊՆ նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին խոսելով ազատամարտիկների դժգոհության ալիքից` ասաց. “Ազատամարտիկները իրենց ոգին ունեն և պայքարում են այսօրվա սոցիալական բեռի համար: Թոշակները ցածր են ոչ միայն ազատամարտիկների համար, այլ նաև հասարակ ժողովրդի, ՊՆ սպաների համար: Ազատամարտիկները գնացել պայքարել են նաև այսօրվա լավ կյանքի համար: Բայց սոցիալական ծանր վիճակը համատարած բնույթ է կրում, և պետությունը մեղք չունի”:
Աստվածատուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ մոտ 40 հասարակական կազակերպությունների նախաձեռնությամբ կազմվել և ԱԺ ներկայացվել է մի օրինագիծ, որը շոշափում է ազատամարտիկների խնդիրները: Գեներալ-մայորի դիտարկմամբ` Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների միջին տարիքը 56-65 տարեկան է:
“Ասենք գնդապետ Վոլոդյան եթե պահանջում է բարձրացնել թոշակը, կոնկրետ այդ մարդը մահապարտների խորհրդի անդամ է և մինչև թոշակի անցնելը աշխատում էր ՊՆ-ում: Զորացրվել է մի քանի ամիս առաջ: Երբ նա աշխատում էր, նույնքան ցածր աշխատավարձ էր ստանում: Բայց արի ու տես նոր է նկատել”:
Այսօր մարտունակության և ոգու որոշակի պակաս է զգացվում: Պարոն Պետրոսյանը դա կապում է առաջին հերթին սոցիալական իրավիճակի հետ.
“Ինքնըստինքյան բարոյական խնդիրը կա՝ զինծառայողը օրինակ` իրավունք չունի զբաղվի բիզնեսով, բայց այսօր բոլորը դրա իրավունքն ունեն: Եթե հաշվում ենք միջին դրամական զամբյուղը դա պետք է լինի 500 ից 600 հազար դրամ: Ծառայությունով այդքան գումար ոչ ոք չի վաստակում”:
Գեներալ մայորը մայիսի 28-ի օրը չցանկացավ խոսել ավելի նեղ “նեգատիվ” հարցերի շուրջ. “Ամեն դեպքում այսօր տոն է և հարկավոր է գնահատել և ուրախանալ”,-ասաց: