Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում. Երևանի փոխքաղաքապետ
Այսօր Երևանում առաջին ձյունն է տեղացել: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին ձյան մաքրման աշխատանքներից: Կամո Արեյանը նախ արձագանքեց. «Աչքներս լույս, լավ բան է՝ առաջին ձյուն»:
Կամո Արեյանը վստահեցրեց, որ իհարկե, առաջին ձյունը լավ է. «Բնություն, ձյուն, առաջին, էն էլ առաջին: Առաջին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ է գնում: Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում»: Հարցին՝ իսկ երկրորդ ձյանը պատրաստվո՞ւմ է քաղաքապետարանը, ինչպե՞ս է պատրաստվում՝ ավանդական աղ ու ավազո՞վ՝ նա պատասխանեց. «Պատրաստվում ենք: Բնության առջև ոչ մեկը չի կարող ասել՝ բնություն, ես քո առջև 100 տոկոս պատրաստ եմ: Բնության անակնկալները անկանխատեսելի են, բայց մեր եղած ռեսուրսի մեջ մենք պատրաստվում ենք, որ քաղաքը սպասարկենք»: