26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծածուկ աղոթքի մասին

«ՄՏԻՐ ՔՈ ՍԵՆՅԱԿԸ, ՓԱԿԻՐ ՔՈ ԴՌՆԵՐԸ ԵՎ ԾԱԾՈՒԿ ԱՂՈԹԻՐ ՔՈ ՀՈՐԸ» ՄԱՏԹ•. 6: 6]:

Սուրբ հայրերը մշտապէս նշել են աղոթքը որպես ներքին իրողություն ճանաչելու անհրաժեշտությունը: Քանի դեռ մարդն արտաքնապես է խորհում իր մասին և չի ձգտում ներքնապես ներկայանալ իր Աստուծո առաջ, ենթակա է հիշjալ կեղծիքին:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է.
«Ոչ թե մարմնի կեցվածքով և մեծաձայն խոսքերով, այլ կամավոր հոժարությամբ աղոթք մատուցենք: Ոչ թե հանդուգն աղաղակով և ի ցույց մարդկանց, այլ հեզությամբ ու հանդարտությամբ, մտքերի դասավորումով ու մեղմ արտասուքով խորքում սիրտն արթնացել»:

Այսպիսով, Տերն ամենից առաջ հորդորում է մեզ ներսում, սրտի խորքում աղոթել, երբ ասում է. «Մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը»:

Ինչպես և կարդում ենք սուրբ հայրերի մեկնություններում.
«Ասում է. «Աղոթիր Հորը փակ դռներով». մեր Տիրոջ խոսքը ցույց է տալիս հետևյալը՝ ծածուկ աղոթիր քո սրտում և փակիր սրտիդ դռները» (Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ):

Իսկ թե ի՞նչ է նշանակում փակել սրտի դռները, մենք առավել հստակ կարող ենք ընկալել՝ ունկնդրելով Սուրբ Մակար Մեծին.

«Եթե մենք , աղոթքի մեջ լինելով, մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում և չենք հավաքում, ինքներս իսկ մատնում ենք մեզ ու թողնում մեղանչական մտածությունների մեջ: Նաև չենք ուղղում մեր կամքը դեպի Աստված և չենք բռնադատում մեր խորհուրդներն՝ ուղղելու դեպի Տերը, որպեսզի Ինքը՝ Տերը, Իր կամքով գայ մեզ մոտ ու Իր ճշմարտությամբ մեզ Իր մոտ հավաքի»:

Նույն ճշմարտությունն է վկայում և Սուրբ Նեղոսն՝ ասելով.
«Փորձիր աղոթքի ժամանակ միտքդ խուլ ու համր պահել, անսայթաք մնալ ամեն տեսակ արկածներից, որպեսզի (աղոթքն) ընդունելի լինի»:

Ոմանք, դուռը փակ, ծածուկ աղօթելու Տերունական այս խոսքը խիստ բառացիօրեն ընկալելով, մերժում են ընդհանրական աղոթքը եկեղեցում, որն, ըստ սուրբ վարդապետների, երկինքն է երկրի վրայ:

Թող նրանց համար ճշգրիտ հանդիմանություն լինի՝ Սուրբ Ոսկեբերանի ասածը.
«Ինչպե՞ս են ասում՝ եկեղեցում չպէտք է աղոթել …
Սենյակ մտնելով և դռները փակելով ևս՝ կարելի է աղոթել ի ցույց մարդկանց, և դռներ փակելը ոչ մի օգուտ չի տա …

(Տերն) այնպիսի ուղղություն է կամենում կարգել, որ դռները փակելուց առաջ, նախ փակեն մտքի դռները, որպեսզի բոլորովին հեռանան ունայն պարծանքներից: Լավ է ամենուրեք հեռանալ այդպիսի ախտից, մանավանդ՝ աղոթքի ժամանակ …

Եթե այդպիսի ախտով փորձենք աղոթել, ինչպե՞ս կկարողանանք ստանալ հայցվածները, որ խնդրում ենք»:
«Աղոթք սկսելով՝ թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը, բարձրացիր երկնքից էլ վեր, թող երևելի և աներևույթ ամեն արարած ու փառաբանիր ամենքի Արարչին» (Սուրբ Բարսեղ Կեսարացի):

Նենգավոր աղոթքով սեփական անձի փառքը հաստատելու թյուր ձգտման փոխարեն ամենից առաջ Աստուծո փառքը փնտրելը, Նրան սրտի խորքից փառաբանող խոսքեր ուղղելը, ըստ սուրբ հայրերի, ճշմարիտ աղոթքի հիմքն ու սկիզբն է: Այսպիսի սկիզբը, հրավիրելով վերնային շնորհի ներգործությունը, բացառում է մտքի ցրվածությունն ու երևակայական թափառումները: Այսպիսի սկիզբն է միայն շարժում Տիրոջ բարեհաճությունը և արժանի դարձնում մեզ Սուրբ Հոգու ներգործությանն ու հավատարիմ գործակցությանը աղոթքի պահին.

«Սուրբ Հոգին … եթե մեր միտքը լինում է ճշմարտությամբ աղոթելիս, հանգչում է մեզ վրա և ամբողջովին պարուրում մեզ, կործանում խորհուրդների կամ մտքերի բոլոր լեգեոնները՝ հրավիրելով մեզ դեպի հոգևոր սուրբ աղոթքի ցանկությունը» (Սուրբ Նեղոս Սինայեցի):

Այսպիսի աղոթքի կենդանի օրինակն է մեզ մատուցած Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքով.

«Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարյալ միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները ու լցրեց իմ սիրտը»:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻՑ
ԱՂՈԹԱԳԻՐՔ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ