Էդվարդ Նալբանդյանը Օքսֆորդի համալսարանում ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման ընթացքը
Մայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանն մասնավորապես ասաց. “1991թ.-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում անկախության հռչակագիր ընդունվեց, որը հաստատվեց դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ինչը լիովին համահունչ էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Այս առիթով կարելի է հիշատակել Եվրախորհրդարանի կողմից ընդունված համապատասխանբանաձեւը, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել խորհրդային մյուս հանրապետությունների, ներառյալ` Ադրբեջանի կողմից արված նույնանման հռչակագրով: Ի պատասխան, պաշտոնական Բաքուն հայերի դեմ ձեռնարկեց կոտորածներ, էթնիկ զտումներ, նաեւ սկսեց լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ` միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ:
Նախքան հրադադարի հաստատումը, 1993թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն 4 բանաձեւ ընդունեց (822, 853, 874, 884), որոնց հիմնական պահանջն էր` դադարեցնել ռազմական գործողությունները եւ հաստատել տեւական զինադադար: Ադրբեջանը յուրաքանչյուր բանաձեւի ընդունումից հետո հրաժարվում էր կատարել հիմնական պահանջը, չնայած ձախողումներին` համառորեն շարունակում էր ռազմական գործողությունները:
1994թ.-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, որին միացավ նաեւ Հայաստանը: 1995թ.-ի փետրվարին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ձեռք բերվեց զինադադարի ամրապնդման մասին նոր պայմանավորվածությունը, որին Հայաստանը նույնպես միացավ, սակայն այդ պայմանավորվածությունը Ադրբեջանը մինչ օրս չի հարգում: 1997թ.-ից բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդական առաքելության շրջանակում:
Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղությամբ.
-հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակում
-վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում
2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես “Մադրիդյան առաջարկներ”: Շուրջ մեկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյությունը եւ փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատյաններ: Մասնավորապես 2008թ. Ադրբեջանը բանաձեւ ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որն արտացոլում էր հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական խեղաթյուրված տեսակետը: Բանաձեւն ընդունվեց ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից միայն 39-ի ձայներով (հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների կողմից): Երեք համանախագահ երկրները` ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, դեմ քվեարկեցին, իսկ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը չսատարեցին այդ բանաձեւին։
2009թ.-ին Լ’Աքվիլայում, 2010թ.-ին Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հայտարարություններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացվեցին նրանց կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը: 2011թ.-ին Դովիլում եւ 2012թ.-ին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունված հայտարարություններում վերահաստատեցին իրենց նախորդ հայտարարությունները` ընդգծելով բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթենքի, 2010թ. Ալմաթիի, 2011թ. Վիլնյուսի, 2012թ. Դուբլինի ԵԱՀԿ նախարարական համաժողովների եւ 2010թ. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում:
Հայաստանը ողջունել է վերոնշյալ բոլոր հայտարարությունները եւ պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիությանմասին ձեւակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս- քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները:
Ռուսաստանի դաշնության նախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ) 2008թ. հունիսից մինչեւ 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում 11 հանդիպում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ` կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակներ:
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաեւ Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում եւ այլն: Ադրբեջանական կողմը ձեւացնում է թե իբր ընդունել է 2009թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ “թարմացված” տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայցպետք է հիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ եւ փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։
Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված եւ միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաեւ պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը եւ նոր մարդկային կորուստների են հանգեցնում:
Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության եւ ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները եւ ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները: Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգեւ խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս:
Չնայած Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը”: