Հղի կինը ու երեք տղաները կարող են հայտնվել բաց երկնքի տակ․ամուսինը ելք չի տեսնում
«Նկուղում ենք ապրում ու ապագա զինվորներ մեծացնում, ով պետք ա մեզ գոնե մի քիչ օգնի։ Պետությունը ինչ ա մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեք տղաների հայր , անապահով Կամո Շահբազյանը։
Կամո Շահբազյանի կինը Մանուշ Շահբազյանը սպասում է չորրորդ երեխային, մինչդեռ նրանք սեփական տանիք չունեն և ապրում են հանրակացարանային նկուղում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 34 ամյա Մանուշ Շահբազյանը իր երեք անչափահաս որդիների հետ եկել էր Կառավարության շենքի մոտ: Նա նաև նամակ ուղղարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
Կամո Շահբազյանը մտածում է նաև երկիրը լքելու մասին․«Ճար չկա․․»,-ասում է։
Այս ընտանիքը ակնկալում է վարչապետի օգնությունը։ Հույս ունեն, որ թեկուզ հանրակացարանային, բայց մի քիչ բարվոք անկյուն կունենան։
Հայրը նշեց, որ որդին 13 ամյա Հարությունը դասերից հետո փողոցում անձեռոցիկ է վաճառում։
Արդեն հայտնել էինք, որ Շահբազյան ամուսինները երեք անչափահաս երեխաների հետ կարող են հայտնվել բաց երկնքի տակ: Մանուշ Շահբազյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդիներից միջնեկի` 10 ամյա Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ ստիպված են եղել երեխայի բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: