Պիտի չսպասեին Օսկանյանը դառնար պատգամավոր, նոր սկսեին
ՀՀԿ-ական պատգամավոր Արակ Դավթյանին համոզիչ չեն թվացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ԱԺ-ին ներկայացրած փաստարկները իր անմեղության մասին: ՛՛Հոգաբարձուների կողմից տրվել է մի անդամի, որ նա փոխանցի մյուս անդամին ու այսպես: Եթե համապատասխան նպատակներով պիտի իրագործվեր, ապա միանգամից պիտի փոխանցվեր՝ առանց պարոն Օսկանյանի հաշվեհամարին մուտք գործելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ փոխանցումը միանգամից չի կատարվել, քանի որ հենց սկզբից ծրագրված է եղել, որ հենց Օսկանյանի հաշվեհամարին պիտի փոխանցվեր ու մնար այդ գումարը:
Սակայն այս ամենի մասին բոլորովին այլ տեսակետ ունի ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինիս կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ է: ՛՛Տեղի է ունեցել այն, ինչ որ տեղի է ունենում յուրաքանչյուրիս կյանքում: Երբ գումար ենք վերցնում, չենք հասցնում փոխանցել ու մեզ մեղադրանք է հասցվում: Այս պարզ հարցը դարձել է մատի փաթաթան, սկսել են ինչ-որ փաստերով խոսել, այս խորհրդավորությունը բնորոշ է խորհրդային կարգերին՛՛,-ասաց Մինասյանը:
Վերջինիս հատկապես զարմացնում է այն, որ Ավանդային հաշվի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հունվարի տասնութին, իսկ քրեական գործը հիմա է բացվել: ՛՛Օսկանյանը կարողացել է կառավարության հասցեին լուրջ քննադատություն հնչեցնել՛՛,-նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հենց այս պատճառով է Օսկանյանի նկատմամբ է առաջադվել հենց այս մեղադրանքը: ՛՛Եթե յուրացում է տեղի ունեցել, ապա յուրացումը հենց այդ պահից պիտի դրվեր, ոչ թե սպասեին, որ գար Օսկանյանը դառնար պատգամավոր, նոր սկսեին՛՛,-եզրափակեց պատգամավորը: Ի պատասխան Դավթյանն ասաց, որ սկզբում այդ գումարը կասկած չի հարուցել, սակայն ընթացքում գումարների փոխանցումը և վերջնականապես գումարի որևէ հաշվեհամարին չհայտնվելը արդեն կասկածներ է առաջացրել: