ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը Սաֆարովի գործի հիման վրա առաջարկություն կներկայացնի
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը բուռն քննարկման է արժանացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ներկայացրել են իրենց տեսակետները, բուռն քննարկում է ծավալվեl եւ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է հայկական պատվիրակության դիրքորոշումը` որ խոսքը վերաբերվում է ոչ թե հակամարտությանը , այլ այլատյացությանը եւ այն քսենոֆոբիային, որը փորձում է սերմանել Ադրբեջանը:
“Հունգարացի մի շարք գործիչներ նույնպես հանդես եկան ելույթներով եւ նրանցից երկուսը նշեցին, որ իրենց կառավարությունը կատարել է լուրջ եւ կոպիտ սխալ”,-նշեց Դավիթ Հարությունյանը:
Նա հավելեց, որ հարցի վերաբերյալ որեւէ բանաձեւ չի ընդունվել, քանի որ խնդիրը վերաբերվել է ընթացիկ քննարկմանը, սակայն Բյուրոն իր հերթական նիստում անդրադարձել է հարցին, թե ինչ հնարավոր քայլեր կարող են հետեւել այս քննարկմանը:
”Այն, ինչ Բյուրոյում քննարկվեց, կարծում եմ շատ օգտակար է եւ հուսով եմ, որ իրավական հարցերի հանձնաժողովը այդ հարցով լրջորեն կզբաղվի: Խնդիրը վերաբերվում է ԵԽ միջազգային պայմանագրով սահմանված իրավունքների չարաշահմանը ”,-շարունակեց Դավիթ Հարությունյանն ու հավելեց.
“Սաֆարովի գործի հիման վրա իրավական հարցերի հանձնաժողովը պետք է նոր բանաձեւ ընդունելու առաջարկություն ներկայացնի` ինչպես խուսափել նման դեպքերից կամ ինչպես հանգել միասնական մեկնաբանության, եւ չշեղվել միասնական պայմանագրի ոգուց, եթե այն հակասում է տառին”: