06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի 31 երկրներից լրագրողներ են եկել՝ համաժողովին մասնակցելու համար

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երեւանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի եւ  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Համաժողովի սկզբում ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որը ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, որում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին եւ հյուրերին: Ուրախ եմ, որ լրագրողները հերթական համաժողովը հրավիրել են հայրենիքում:

Խորհրդանշական է, որ ներկա համաժողովը նվիրված է  հայկական երկու հանրապետությունների անկախության 25 ամյակներին  եւ տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրականացվում են հիմնարար եւ  համակարգային բարեփոխումներ: Այս համատեքստում յուրովի է իմաստավորվում նաեւ համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»:  Մեկնարկելով Երեւանում՝ համաժողովն աշխատանքները շարունակելու է մեր արդար պայքարի ու նորագույն հաղթանակների միջնաբերդում` Արցախ աշխարհում:

Հայ մամուլնը սկսվեց «Ազդարարով», որ հայրենի հողի վրա չէր տպագրվում: Այս իրողությունն ինքնին արտացոլումն էր մի պատմական իրավիճակի, որ չէր կարող նախանձելի համարվել: Այնուհետեւ մեր լրատվության պատմությունը հարստացավ բազմահազար լրատվամիջոցներով եւ դարձավ հայ մշակույթի, այդ թվում՝ քաղաքական մշակույթի հայելին: Հայկական լրատվամիջոցները թե՛ Հայրենիքում, եւ՛ աշխարհի բոլոր ծագերում եկեղեցու եւ դպրոցի հետ միասին եղել եւ մնում են հայ ոգու ու ինքնության պահպանման հիմնասյուները»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին:

«Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ եւ միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը եւ արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման  գործընթացում»,- ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Առաջին նիստի թեման էր «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձեւավորման կառուցակարգերը եւ լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»:

Նիստը վարեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Ճգնաժամային տեղեկատվությունը եւ հայկական լրատվադաշտը» թեմայով:

Համաժողովին բացման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ