Մարտի 1-ի գործով հանձնաժողովի ստեղծման շուրջ Էլինար Վարդանյանի հայտարարությունը շփոթեցրել է Արամ Մանուկյանին
ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունն այսօր շրջանառության մեջ է դրել “2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” նախագիծը:
Այս մասին այսօր Henaran.am -ին տեղեկացրել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, փաստաթուղթն արդեն ուղարկվել է ԱԺ ընդհանուր բաժին, զուգահեռաբար փաստաթուղթը թարգմանվում է եւ կներկայացվի միջազգային կառույցներին ու ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին:
“Սա չի կրկնում նախկին հանձնաժողովը, տարբեր են խնդիրներն ու ֆունկցիաները”,-նշեց Արամ Մանուկյանը, բայց չմասնավորեցրեց, թե որոնք են այդ տարբերությունները: Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ի մոտեցումն էլ է այլ.
“Մենք այդ նոր մոտեցմամբ կփորձենք համախոհներ գտնել խորհրդարանում: Խնդիրը հետեւյալ կերպ է դրված` բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են, որ ակնհայտ հանցագործությունները բացահայտվեն, պետք է կողմ լինեն: Մենք չենք փորձում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, փորձելու ենք գտնել համախոհներ”:
Հանձնաժողովի ստեղծման շուրջ ԱԺ խմբակցությունների հետ ՀԱԿ-ը դեռեւս խորհրդակցություններ չի ունեցել, բայց Արամ Մանուկյանը վստահ է, որ իրենց նախաձեռնությունը համախոհներ կունենա: “Ես նույնիսկ վստահ եմ, որ իշխող կոալիցիայից պատգամավորներ պետք է կողմ քվեարկեն այս նախագծին, որովհետեւ իրենք էլ են նշում, որ կողմնակից են խնդրի բացահայտմանը: Կարծում եմ սա շատ հարմար առիթ է եւ կա միջազգային կառույցների համախոհ լինելը այս խնդրին”:
Արամ Մանուկյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանի այն հայտարարությանը, թե ինքը սկսում է մտածել, որ մարտի մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում եւ չի պատկերացնում, թե նոր հանձնաժողովն ինչ է անելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը, նախ զարմացավ վերջինիս հայտարարությունից: “Ո՞վ է նման բան ասել: Էլինար Վարդանյանը մեզ հետ արդեն մասնակցում է մեր քաղաքական ակցիաներին` քաղբանտարկյալների հարցով”,-նկատեց Արամ Մանուկյանն ու հավելեց.”Եթե մարդիկ հանցագործությունների կոծկումը քաղաքական են դիտարկվում, մենք այդպես չենք դիտարկում: 10 անմեղ մարդ է զոհվել եւ հարյուրավորը խեղվել են, որեւէ նորմալ մարդ կարո՞ղ է ընդդիմանալ այդ բացահայտմանը: Ինձ շփոթեցնում եք”:
Մեր դիտարկմանը, թե անսպասելի՞ էր ԱԺ ՄԻ հարցերով հանձնաժողովի նախագահի նման տեսակետը, Արամ Մանուկյանն արձագանքեց.”Առաջիկայում մենք խորհրդակցություններ կունենանք բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կրկնում եմ, որ համոզված եմ`բոլոր քաղաքական ուժերը շահագրգռված են հանցագործությունները բացահայտելու գործում “: