Որոնք են լինելու նոր նախարարի առաջնահերթությունները
ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր հարցն ուղղեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ շեշտելով, թե ոլորտը նոր չէ, բայց նոր պաշտոն է նրա համար: Պատգամավորը խնդրեց նախարարին ներկայացնել իր տեսլականը Պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ: Վիգեն Սարգսյանը խոսովանեց, որ հիշարժան օր է այսօր իր համար, քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում, առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին: Նախարարը նշեց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի Պաշտպանության ոլորոտի տեսլական ու ծրագրեր և տեղեկացրեց, որ այսօր առիթ են ունեցել կառավարութան կազմով ներկայացնել 25-րդ տարում ազգային բանակի գոյության առաջնահերթությունները, որոնք հիմնված են ԶՈւ և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա:
«Գիտեք, որ հունվարի 28-ին բանակի 25-րդ տարին է, և մեր խնդիրն է անցում կատարել բանակշիանությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,-ասաց նա: Պաշտպանության նախարարը նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որ բանակը ծանր բեռ դառնալու փոխարեն դառնա պետության ու տնտեսության շոքեքարշը: «Դա նշանակում է, որ պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր ԶՈւ-ում ծառայում են, այլ ողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբեական և այլն և այդ ժամանակ բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում»,-ասաց նա: Երկրորդ կարևոր բաղադրիչն, ըստ նրա, այն կլինի, որ բանակը հասարակության հայելին պարզապես դառնալուց բացի լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը:
«Այսինքն՝ բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ ու մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է բանակ: Սա է լինելու առաքելությունը, և ԱԺ-ի հետ դրա համար պետք է իրավական հիմք ու գործնական քայլեր ձեռնարկենք, որ օրենսդրությունը դառնա իրականութնություն»,-ասաց նա: