24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշիի ազատագրումը. Սեյրան Օհանյանի հուշերը

Մայիսյան եռատոների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրավիրել էր ՀՀ ՊՆ վարչական համալիր հարցազրույցի: Ի թիվս այլ հարցերի նախարարը խոսել է նաեւ Շուշիի ազատագրման մասին:

“Շուշիի բերդաքաղաքը հզոր հենակետ էր հանդիսանում: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում եւ այն ազատագրելը եւ քաղաքի շուրջը տեղակայված բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական կրակակետերը, հենակետերը ոչնչացնելը այնքան էլ դյուրին գործ չէր:

Շուշիի ազատագրման գործընթացը սկսվեց դեռեւս 1992 թվականի մարտ ամսից: Ասեմ, որ մենք այդ ողջ գործընթացը իրականացրեցինք ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: Նախապատրաստվել օպերացիայի նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը, ուժերի եւ միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել եւ որոշել այն ուղիները որով մենք պետք է բարձրանայինք եւ ազատագրեինք:

Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվեց եւ վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ն էր, այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 8-ին ազատագրել Շուշին:

Օպերացիայի իրականացման համար ընտրվել էր 4 ուղղություն: Առաջինը հյուսիսային ուղղությունն էր: Դա գլխավոր հարվածի ուղղությունն էր, որի ղեկավարն էր Վալերի Չիչյանը: Երկրորդ՝ արեւելյան, ուղղությունը կրում էր “այլ հարված” անունը, դա Շոշի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագու Կարապետյանն էր:

Երրորդը հարավային ուղղությունը էր: Դա լայն շրջանցող հարված էր, որտեղ ղեկավարն էր Սամվել Բաբայանը եւ որին էլ հանձնարարությունն էր տրվել դուրս գալով Զառսլու, Իսագուր բնագիծը, վնասազերծել այդտեղ տեղակայված բոլոր կրակակետերը եւ, միեւնույն ժամանակ, մարդասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: եւ, իհարկե, մյուս՝ հյուսիսարեւմտյան, կարեւոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր, որտեղ ղեկավարը ես էի: Դա հյուսիսարեւմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներն էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր: Այդ շեղող հարվածով ուժերի մի մասը մենք պետք է տեղափոխեինք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել:

Կարող եմ ասել, որ ճիշտ ժամանակին մենք կարողացանք կրակային խոցում իրականացնել եւ կրակային խոցման ազդեցության ներքո ուժերը միաժամանակ դուրս եկան, մեր հրամանատարները ստորաբաժանումների, ջոկատների հետ միասին կարողացան շարժվել:

Շուշիի բերդաքաղաքին մենք բոլորս ծանոթ ենք: Մագլցել այդ սարերը, ժայռերը, բարձրանալ իրենց բուն հենակետերը եւ ազատագրել քաղաքը բավականին բարդ գործ է: Բայց միեւնույն ժամանակ դա մեզ հպարտություն է բերում, որովհետեւ մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, իրենց հմտությունների, ունակությունների, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այդ խնդիրը: Իրականացրեցինք, որովհետեւ կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի մոտ: Իրականացրեցինք, որովհետեւ գիտակցաբար էինք մենք գնում դրան, գնում էինք ապահովելու Արցախի  ներքին խաղաղ կյանքն ու արարումը:

Շուշիի ազատագրմամբ մենք ավարտեցինք ԼՂ հանրապետության ներսի բոլոր կրակակետերի վնասազերծումը եւ պաշտպանության իրականացման, անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը տեղափոխվեց դեպի արտաքին շրջանակ, իսկ միակողմանի մտածելու շնորհիվ մենք կարողացանք նաեւ հետագայում տոնել հաղթանակներ:

Շուշիի ազատագրմամբ մենք կապ հաստատեցինք նաեւ մայր հայրենիքի՝ Հայաստանի, հետ: Լաչինի միջացնքի ազատագրումը շարունակությունն էր բոլոր այն կրակակետերի վնասազերծման, որոնք մեկուսացրել էին ԼՂՀ-ն Հայաստանից եւ այդ միջանցքի ստեղծմամբ էր, որ մենք կարողացանք հետագայում համակողմանի ապահովման բոլոր միջոցառումներն իրականացնել եւ վերջնական հաջողություն ունենալ»:

 

 Հեղինակ` Աշոտ Իսրաելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ