Ծառուկյանի ճիշտն ու մյուսների սխալը /վիդեո/
Եթե ոչ իշխանական ուժերի առաջնորդները ակտիվ մասնակցություն ունենային Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, նրանց գլխավորած կուսակցությունները, հավանաբար, ավելի շատ ձայն կհավաքեին:
”Եթե Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը ակտիվ լինեին, ազդեցություն կունենային, բայց իրենք մեկ-երկու ելույթ ունեցան և դրանով սահմանափակվեցին, որպես առաջին համար պետք է մասնակցեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ-ի առաջնորդն է նաև, չէր կարող մասնակցել ավագանու ընտրությունների քարոզարշավին, քանի որ նա ընտրված նախագահ է:
”Նախագահը ոնց կարող է ավագանու ընտրության մասնակցել, նա ընտրված նախագահ է, իսկ նրանք նախագահ չեն”: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Ադիբեկյանը վստահեցնում է, որ ”Բարև Երևան” դաշինքն ավելի շատ ձայն կունենար, եթե Արմեն Մարտիրոսյանի կողքին հաճախակի հայտնվեր Րաֆֆին: ”Րաֆֆի Հովհաննիսյանը եթե մասնակցեր, չի բացառվում, որ ավելի լավ լիներ, որովհետև Արմեն Մարտիրոսյանը շատ խղճուկ տեսք ուներ այս ընթացքում”,-նշեց սոցիոլոգը:
ԲՀԿ-ի մոտ 23 տոկոսում իր դերակատարությունն ունեցա՞վ քարոզարշավի վերջին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթ ունենալը: Ըստ Ադիբեկյանի` շատ հնարավոր է ունենար, սակայն ԲՀԿ-ի դեպքում այլ ֆակտորներ են աշխատել: ”Գումար, ծանոթ, բարեկամ, հարևան, նախորդ ընտրություններին դուք մեզ ձայն եք տվել և այլն”,-բացատրեց սոցիոլոգը:
Սոցիոլոգի տվյալներով` ընտրարշավի կեսին ԲՀԿ-ն ուներ 12 % ձայն, վերջին երկու շաբաթվա ընթացքում կարողացել է կրկնապատկել ձայները:
ՀՀԿ-ի դեպքում, Ադիբեկյանի խոսքով, առանց պետական լծակների առնվազն երեսուն տոկոս ձայն կլիներ: Մյուս ձայներն էլ կարող են լինել այն ընտրողներինը, ովքեր պահպանողական են և իշխանափոխության կողմնակից չեն: “Ընտրակաշառքը այս դեպքում դերակարատարում չի ունեցել”: