Շարմազանովը չբացառեց փոփոխությունները ՀՀԿ ղեկավար մարմնի կազմում
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները, նոյեմբերին հրավիրվելիք կուսակցական համագումարի վերաբերյալ հարցեր: «Համագումրը նախընտրական բնույթ չի կրելու, կկրի հաշվետվողական բնույթ, բայց համագումարից անմիջապես հետո մենք կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին ապրիլյան»,-այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է կառավարության ամբողջական կազմի ձևավորվելուն, ապա նա ասաց, որ ՀՀ նախագահը մինչև հոկտեմբերի 3-ը կնշանակի նախարարներին՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:
Կուսակցական համագումարի մասին նա նշեց, որ դա լինելու է առանցքային կուսակցության համար: «Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում»,-հայտնեց ՀՀԿ խոսնակը:
Նա չբացառեց նաև մարզպետների փոփոխության հարցը, բայց չմանրամասնեց՝ որ մարզպետը ումով կփոխարինվի։ Հարցին, թե հաշվետվու այդ համագումարում, որը նախընտրական շրջանի հետ է համընկնում, ի՞նչ մեսիջներ են փոխանցելու իրենց ապագա ընտրողներին և ի՞նչ հաշվետվություն են ներկայացնելու, Շարմազանովն ասաց․ «Ես կարծում եմ՝ մենք պետք է դանդաղ շտապենք, որովեհտև դեռևս մենք չենք չընտրել համագումարի պատվիրակներ։ Ամեն ինչ՝ իր հերթին։Հիմա եթե ես ամբողջությամբ բացեմ փակագծերը և ասեմ ինչ մեսիջներ են տրվելու, ինչ է լինելու, բա նոյեմբերի 26-ին ի՞նչ եք լուսաբանելու»։