Ինչպես է ԲՀԿ-ը լրացնում բացը
«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ լրատվամիջոցներին հանգիստ թողել Վարդևան Գրիգորյանին և նրա որդուն, կան իրավապահ մարմիններ, թույլ տվեք, որ իրավապահներնը զբաղվեն այդ գործով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցի, թե ինչ ազդեցություն կունենա այն, որ ԲՀԿ թեկնածու որդու մահվան գործի հետ կապված, քարոզարշավը որոշ ժամանակով դադարեց:
«Քարոզարշավն, այո, դադարեցվեց մի քանի օրով, բայց մենք խտացված գրաֆիկով շարունակում ենք քարոզարշավը: Մենք օրական 10-12 հանդիպում ենք դնում պատգամավորական քաղ.խորհրդի անդամներով, Գյումրիի ավագանու մեր թեկնածուներով բաժանվում ենք քարոզչական խմբերի, որպեսզի այդ մի քանի օրվա ցավալի բացը կարողանանք լրացնել»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Գյումրիում ընտրակաշառք են բաժանում, ապա Ն. Զոհրաբյանն ասաց, որ ինքը դրանք ստուգելու ժամանակ չունի, այդ լուրերը եղել են, ինքը բարձրացրել է, ու իրավապահ մարմինները պետք է դրանք ստուգեն:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի տան նկուղից հայտնաբերվել էր Գրիգորյանի կրտսեր որդու` Արշակ Գրիգորյանի դին: Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել: