Օսկանյանը “քավության նոխազ”. Իրավունք
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ն բավարարվեց կեսբերան քննադատությամբ։ Այդ կուսակցությունը ներկայացնող թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ՀՅԴ-ի հետընտրական մեղմ տոնը ամենեւին էլ պատահականություն չէ։
Բանն այն է, որ ՀՅԴ-ական գործարար ու մասամբ էլ կիսաօլիգարխիկ թեւը, որն ի սկզբանե դեմ էր ընտրություններին սեփական ցուցակով առաջադրվել, հիմա բավականին կոշտ տոնայնությամբ է սկսել խոսել ի սկզբանե առաջադրվելու կողմնակից եւ համեմատաբար ավելի քաղաքականացված թեւի հետ։ ՀՅԴ-ական գործարար խավի մեղադրանքները մոտովորապես հետեւյալ բնույթի են “Ձեզ էն գլխից էլ ասում էին, որ ոչինչ դուրս չի գա: Հիմա էլ մի կողմից հերթական անգամ հանրությանը ներակայացանք շատ ցածր վարկանիշով, մյուս կողմից էլ զրկվեցինք ամեն ինչից ”:
Ի դեպ, կան խոսակցություններ, որ մոտավորապես նույն վեճն էլ ձեւավորվել է ԲՀԿ-ի ներսում։ Այս կուսակցության գործարար թեւը, որը շատ ավելին կարող է կորցնել, ամեն ինչի մեղավոր փորձում են դարձնել Վարդան Օսկանյանին եւ նույնիսկ արդեն կիսաբերան խոսում են նրան կուսակցությունից հնարավորինս շուտ վտարելու անհրաժեշտության մասին…