Ինչու չվերանշանակվեցին (վիդեո)
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերյան չկայացած հեղափոխության մասին իր հայտարարությունն ուղղել է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաև որոշ ՀՀԿ-ականների: «Բոլոր նրանց ուղղեցի, ովքեր կարծեցին, որ սեպտեմբերյան կառավարության փոփոխությունը հեղափոխություն է և նոր էջի սկիզբ է, այն պարզապես քաղաքականություն է, նոր էջ է, բարեփոխում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ հատկապես ո՞ւմ էր հղված այն, Շարմազանովն ասաց. «Հիմնականում ըննդիմադիրների, քաղաքական մեկնաբանների շարքում են, նաև մեր շարքերում են, բոլորին, հիմա ես չեմ ուզում ձեզ ռամկաների մեջ դնել:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարծում են՝ ՀՀ-ում նոր կառավարությունը հնի շարունակողը չի, և սրա քաղաքական պատասխանատուն այլ է: Այդպես չի, սա բարեփոխում է, որի մեկնարկը տրվել է դեռևս դեկտեմբերի վեցին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով»: Շարմազանովը հայտարարեց, որ բոլոր կառավարությունների քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, վերջինս էլ պատասխանատու է թե՛ դրականի, թե՛ բացասականի համար: Դիտարկմանը, որ կարճ ժամանակահատվածում կուսակցական կդառնան նորանշանակ անկուսակցական նախարարները, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի ու խղճի ազատություն, ուստի յուրաքանչյուրն ինքն է որոշում անդամագրվել ՀՀԿ-ին, թե ոչ:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանի կառավարության որոշ անդամներ վերանշանակվեցին, իսկ որոշները՝ որ, ո՞րն է տրամաբանությունը, Շարմազանովը պատասխանեց. «Տրամաբանության մասին խոսել է ՀՀԿ առաջնորդը խորհրդի նիստի ժամանակ, նախկին վարչապետը, մենք»: Մյուս հարցին՝ ՀՀԿ-ին խանգարո՞ւմ էին Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Հասմիկ Պողոսյանը եւ այլ չվերանշանակվածներ, Շարմազանովն ասաց, որ խնդիրն անձերի մեջ չի. «Մի օր էլ կարող է՝ ես ԱԺ փոխնախագահ չլինեմ, դա չի նշանակում, որ վատ եմ աշխատել կամ ինչ-որ մեկին խանգարել եմ»,-եզրափակեց նա:
Առավել մանրամասն ՝ տեսանյութում: