Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների նշանակումից (վիդեո)
Այս շաբաթվա ընթացքում ամբողջական կառավարությունը պատրաստ կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարոն Նալբանդյանի և պարոն Օհանյանի վերանշանակման հարցը ձեր խոնարհ ծառան չի լուծում, ըստ Սահմանադրությամբ այն վերապահված է ՀՀ նախագահին, ուստի օրենքով սահմանված ժամկետներում նշանակումը կլինի: Այս շաբաթվա ընթացքում ամբողջական կառավարությունը կունենանք»,-ասաց Է. Շարմազանովը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ ուշացումը, նա չհամաձայնեց՝ ասելով, որ ուշացումն այն է, որ խախտվում են ժամկետները, սակայն նման բան չի եղել: «Բայց խախտում չի եղել, ուստի դանդաղ շտապեք: Պարոն նախագահի լիազորությունների շրջանակում է Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների նշանակումը, և պարոն նախագահը, օգտնվելով իր սահմանադրական իրավունքից, համոզված եմ՝ ժամկետներում կտեղավորվի»,-ասաց նա: Հարցին՝ կցանկանա՞ Սեյրան Օհանյանին տեսնել ՊՆ-ում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց, որ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ.
«Ես Սեյրան Օհանյանին էլ, Էդվարդ Նալբանդյանին էլ շատ դրական եմ գնահատում, ինչպես նաև Տիգրան Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին»,-ասաց Շարմազանովը: Հիշեցմանը, որ Սեյրան Օհանյանն ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջարկ լինելու դեպքում կմերժի, արդյոք այն ցանկությա՞մբ է, թե՞ նշանակվելով, նա ասաց. «Սեյրան Օհանյանը կուսակցական չէ, ես չգիտեմ՝ առաջարկ եղել է, թե ոչ»:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, ապա ՀՀԿ խոսնակն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը քանի որ կուսակցական չէ, դժվարանում է ասել, թե որտեղ նա կլինի, իսկ Հովիկ Աբրահամյանի հետ կապված, նրա տեղը տեսնում են ՀՀԿ-ում: Շարմազանովը չի կարծում, որ նոր կառավարության ձևավորումը նշանակում է հնի ու նորի միջև պայքար, նոր կառավարության ձևավորումը բարեփոխում է իրենից ներկայացնում, որի պատասխանատուն շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը: «Բոլոր վարչապետերի , այդ թվում Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, մենք պատասխանատու ենք թե դրականի, թե բացասականի համար»,- ասաց Շարմազանովը: