«Կառավարության ղեկավարն ինքը կորոշի». կմնա՞ Սուրիկ Խաչատրյանը
«Երկրում փոփոխությունների իրականացումն անձերի փոփոխությամբ չէ, որ պայմանավորված է, բայց որ առաջիկայում ակնհայտ փոփոխությունների ականատեսն ենք լինելու, վստահ եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Կարապետյանը: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ պատգամավորը դրանք ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, միայն նշեց, որ մամուլով չի որոշվում մարզպետերի հետագա աշխատանքը: Նա ընդգծեց, որ փոխվել է կառավարության ղեկավարը, հետևաբար նա ինքն է որոշում ում հետ շարունակել իր հետագա աշխատանքը:
«Կառավարության ղեկավարն ինքը կորոշի: Այդ մասին ասել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»,- նշեց նա: Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում մարզպետի պաշտոնակատար Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իր պաշտոնանկությանը հերթ չի հասնի, ի՞նչ է, խաղի կանոննե՞րն են փոխվել, որ այսօր նրա պաշտոնանկության հարցն է բարձրացվում, Ա. Կարապետյանն արձագանքեց, թե ինքն անձամբ այդպիսի բան չի լսել Սուրեն Խաչատրյանից: «Մարզպետի աշխատանքը շատ ծանր ու պատասխանատու աշխատանք է, հատկապես նոր կառավարությունում: Այնպես որ, ես գայթակղված չեմ և անձամբ էլ խորհուրդ չեմ տա ուրիշներին: Ճանաչելով Կարեն Կարապետյանին, ով շատ խստապահանջ է, այդ աշխատանքը պետք է կատարել շատ պատշաճ մակարդակով և ապահովել հանձնարարականը, ցուցանիշն ու արդյունքը»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խստապահանջ չէր, պատգամավորն այպես պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ նույնն էր, բայց կարծես այդ աշխատաոճը դադարում է: Պետք է նոր ձևով մոտենալ, քանի որ մեզ նոր համակարգային փոփոխություններ են պետք: Իրոք, մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, և ժամանակն է, որպեսզի շարքային քաղաքացին իր վրա զգա այդպիսի փոփոխությունները: Ամեն ինչ արվում է մեր կառավարության կողմից, որպեսզի այդ փոփոխությունները նաև քաղաքացիները զգան: Ինքս անձամբ հակված չեմ անձերի փոփոխությանը: Կարծում եմ, որ դրանք ևս պետք է են, բայց այս պահին կարևորում եմ համակարգային փոփոխությունները»,- ասաց նա: