Վաղը հայտնի կդառնա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը վաղը կպատասխանի բոլոր հարցերին: Նախարարությունից հայտնել են, որ նախարարի պաշտոնակատարը վաղը հանդես կգա մամլո ասուլիսով: Ենթադրվում է, որ ասուլիսի ժամանակ նա կհայտնի` հեռանալու է, թե ոչ: Նկատենք, որ նախորդ նիստի ժամանակ Մինասյանը բանավեճ էր ունեցել վարչապետի հետ, իսկ այսօր էլ նա առարկել է վարչապետի կատարած փոփոխությանը, որով էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն:
«Դե, բնականաբար, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինձ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրությանն աջակցությունը: Ահա, թե ինչու, ընդունելով հանդերձ Ձեր կողմից կատարված շեշտադրումը, որ ներդրումներն ու ձեռնարկատիրությանն աջակցությունը պետք է առանձին ուղղություն լինեն, ինձ մտահոգում են մի քանի հարցեր, որոնք այսօր էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց անվանման մեջ դրանք չեն երևում: Մասնավորապես` առևտրի հատվածը, արտաքին առևտուրը, որը ներդրումների հետ համարվում է մեր երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը: Գուցե այն այլ նախարարություն է գնալու կամ մնալու է, կխնդրեի, որ անվանման մեջ այդ շեշտադրումը լինի»,- ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է, որ «էկոնոմիկա» բառն է ընդամենը հանվում նախարարության անվանումից, սակայն գործառույթը մնում է: «Մենք ընդամենը ակցենտն ենք փոխում, որ ներդրողը հասկանա` ինչ հասցեով պետք է դիմի: Որ ասում եք ` անվանման մեջ չկա «առևտուր» բառը, բայց էկոնոմիկայի նախարարության մեջ էլ չկա առևտուր բառը, ձեր նախարարությունը զբաղվում էր, չէ՞, առևտրով: Ինչ վերաբերում է կոմիտեներին, ապա զբոսաշրջության կոմիտեն թող աշխատի, արդյունք տա: Երբ ընդունվի կառավարության ծրագիրը, մենք հաշվի կառնենք կառուցվածքային հարցերը»,- ասաց վարչապետը: