Աստծո կողմից օժտված մի մարդ, կրթված, տեսքն էլ տեղը. ԱԱԾ նախկին պետի գնահատականը` վարչապետին (վիդեո)
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանից դրական ակնկալիքներ ունի: «Միշտ պաշտպանել եմ Հովիկ Աբրահամյանին, այսօր էլ պաշտպանելու եմ, քանի որ տնտեսություն չկար, բայց նա ընդունեց, այն հոգավորը տնտեսություն չթողեց: Հիմա նոր մարդ է եկել, Կարեն Կարապետյանին ճանաչում եմ ավելի քան 20-25 տարի՝ Աստծո կողմից օժտված մի մարդ, կրթված, տեսքն էլ տեղը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նորանշանակ նախարարները, կադրերը, ըստ Եղիազարյանի, խոստումնալից են: Նա օրինակ բերեց նորանշանակ վարչապետի խորհրդական նշանակված Գագիկ Մարտիրոսյանին և նշեց, թե նա վատագույն տարիներին ոտքի կանգնեցրեց էներգոհամակարգը: «Երբ ավիրված հյուսիս էր, ու հարավում պատերազմ, ոտքի կարողացավ կանգնեցել ամենակարևոր ոլորտներից մեկը՝ էներգոհամակարգը»: Գուրգեն Եղիազարյանը չէր լսել երբևէ, որ Գագիկ Մարտիրոսյանի անունը ինչպես նշում են՝ կոռւպցիոն սկանդալի հետ կապ է ունեցել:
«Նստած չի , չի եղել, ուրեմն անցեք, Աղվան Հովսեփյանին և մյուսների կոռուպցիոն սկանդալների հետևից ավելի լավ է գնալ: Ավելի ճիշտ է, որ պետք է թողնենք աշխատի, իրոք ծանր է վիճակը: Հիմա նոր մարդկանց է հավաքում, չենք ճանաչում, դադար տանք, տեսնենք` ինչ է լինում, որովհետև վիճակն իրոք ողբալի է»,-շեշտեց նա:
Եղիազարյանը համաձայն է` փոփոխություն չպետք է ակնկալել միայն վարչապետից:
Մանրամասները` տեսանյութում: