Գործող համայնքապետը վերընտրվեց (վիդեո)
Երեկ ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաև Արարատի մարզի Նարեկ համայնքում: Համայնքապետի թեկնածուները երկուսն էին՝ Ռոլանդ Սուսունյանը և գործող համայնքապետ Գարուշ Հակոբյանը:
Արդյունքում նարեկցիների մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց գործող գյուղապետին. Գարուշ Հակոբյանը հաղթանակ տարավ ձայների խոշոր տարբերությամբ:
Վերընտրված գյուղապետի աշխատած տարիներին կատարվել է գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատում: Գրեթե ջրազուրկ գյուղը 2004 թվականին Գարուշ Հակոբյանի ջանքերով ունեցավ խմելու ջուր՝ սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում: Համայնքի գազաֆիկացումը նույնպես կատարվել է վերընտրված գյուղապետի աշխատած տարիներին: Համայնքային նշանակության բոլոր փողոցներում անցկացվել է փողոցային լուսավորություն, խճապատվել են համայնքի այն փողոցները, որոնք ասֆալտապատ չեն:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում վերընտրված համայնքապետը շեշտեց՝ Նարեկում խնդիրները բազմաթիվ են՝ դպրոցի հիմնանորոգման, դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատման, խմելու ջրի, հեղեղատարի հետ կապված: Գարուշ Հակոբյանը նշեց՝ առաջիկա չորս տարվա ընթացքում աշխատելու է լուծել վերոնշյալ խնդիրները, ավելին՝ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ իրականացվել են:
«Հանրապետության նախագահին նամակ եմ գրել: Այնուհետև այդ նամակն ուղարկվել է համապատասխան նախարարություններին: Համապատասխան մարմինները խոստացել են 2017-2018 թվականների ծրագրերում ընդգրկել դպրոցի հիմնանորոգման հարցը: Մենք ունենք նաև մանկապարտեզի բակի հիմնանորոգման խնդիր, որն անհրաժեշտություն է: Դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատման խնդրով դիմել ենք Տրանսպորտի և կապի նախարարությանը, քանի որ այս ծրագրերը հնարավոր չէ իրականացնել համայնքի միջոցներով: Տրանսպորտի և կապի նախարարությունը խոստացել է առաջիկա 2017-2019 թվականների ծրագրերի շրջանակում իրականացնել այն», – ընդգծեց Գարուշ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: