Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած մասնագիտությունը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատկանշական է համարել արարողությունը եւ հորդորել ուսանողներին հավատարիմ մնալ իրենց երդմանը:
«Եթե ուզում եք ազգին ծառայել, պետք է լավ կրթվել, քանի որ մեր պետությանը գրագետ երիտասարդություն է անհրաժեշտ: Մանկավարժական համալսարանն ամեն տարի փորձում է ավելի կատարելագործել կրթական ծրագրերը՝ ձեր առջեւ բացելով գիտության նոր ուղիներ»,- ասել է ԱԺ նախագահը:
Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւս շնորհավորելով ուսանողներին՝ նշել է, որ ավարտելուց հետո նրանք՝ արդեն որպես մանկավարժ, կմտնեն դպրոց՝ իրենց գործունեության հիմքում ունենալով բանիմաց ու ժողովրդավար սերունդ կրթելը: