Հակամենաշնորհային քաղաքականությունը Հայաստանում ուժեղացել է
Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան առաջարկով, այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ընդունել է դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը: Պատվիրակությունը ղեկավարում էր Հարավային Կովկասի եւ Թուրքմենստանի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատատը:
Քաջատեղյակ լինելով Հանձնաժողովի գործունեությանը, ֆրանսիացիները ի սկզբանե ողջունեցին ՏՄՊՊՀ գործելաոճը եւ նշեցին, որ ակնհայտ է մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել:
Համաձայն զեկույցի, գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով: Հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության եւ հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետության ցուցանիշով Հայաստանն առաջ է գնացել 23 կետով, իսկ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով մեր երկիրը առաջընթաց է արձանագրել 9 կետով: Ը
նդ որում տարածաշրջանի մյուս երկրները, նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել: Պատվիարկության անդամներին հետաքրքրում էր նաեւ հատկապես պետական գնումների ոլորտում Հանձնաժողովի կատարած հրապարակային ուսումնասիրությունները:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին Հանձնաժողովի առաջիկա ծրագրերով եւ նշեցին, որ պատրաստ են աջակցել՝ տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հարցում:
Ֆրանսիացի պաշտոնյաները ընգծեցին, որ օրերս Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում վերջինները հավաստիացրել են, որ Հանձնաժողովի կողմից մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները ակնհայտ են եւ դրական են անդրադառնում իրենց գործունեության վրա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կայքից: