Թուրքիան ու Ղրղզստանը՝ դիվանագիտական սկանդալի շեմին
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում կատարելու փորձից հետո մի շաքր պետություններում փորձում է գտնել Էրդողանի համար մրցակից համարվող Գյուլենի աջակիցներին ու բոլոր պետություններին խնդրում, շատ հաճախ կոչ է անում իրենց երկրում գտնվող նման մարդկանց Թուրքիային տրամադրել:
Թուրքիայի իշխանությունները նաև սկսեցին բոլոր հարևան պետություններից Գյուլենի հետ կապված բոլոր հաստատությունների ու հիմնարկների աշխատանքների դադարեցում պահանջել:
Հուլիսի 24-ի իր ելույթում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստանի իշխանություններին կոչ էր արել քայլեր ձեռնարկել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ՝ մասնավորապես փակել Գյուլենի կողմից ֆինանսավորվող մասնավոր դպրոցները: Չավուշօղլուն իր հայտարարության մեջ նաև հայտնել էր, որ «Գյուլենի բանդան» Ղրզստանում ամենաուժեղներից մեկն է, և եթե իշխանությունները չփոխեն իրենց վերաբերմունքը վերջիններիս հանդեպ, ապա Թուրքիան կփոխի իր վերաբերմունքը Ղրղզստանի հանպեդ:
Այս առնչությամբ Ղրղզստանի պատասխանը ևս չուշացավ: Ղրզղստանի ԱԳՆ-ն կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է. «Մենք ընբռնումով ենք մոտենում թուրքական իշխանությունների անհանգստությանը, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ Ղրղզստանը, նախևառաջ, անկախ ու սուվերեն պետություն է, որը ի զօրու է անձամբ որոշել ինչն է իր համար լավ, ինչը վատ: Նվազագույնը պատշաճ չենք համարում, երբ մի պետության ԱԳ նախարար մատնանշում է մեկ այլ պետության այս կամ այն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ընդ որում վերջնագրերի ու շանտաժի լեզվով»:
Սակայն Թուրքիան կարծես իր դիրքորոշումը չի ցանկանում փոխել:
Habertürk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ թուրք ընդդիմադիրները կարող են պետական հեղաշրջում կազմակերպել Ղրղզստանում, քանի որ արդեն իսկ կարողացել են ներթափանցել Ղրղզստանի Կառավարություն:
Նման կերպ Թուրքիան ևս մեկ անգամ ազդակ ուղղարկեց ղրղզական կողմին, որ Չավուշօղլուի հայտարարությունը տեղին ու նպատակային էր:
Չնայած նրան, որ այս անգամ ղրղզական կողմը դեռ վերոհիշյալ հայտարարությանը պաշտոնական պատասխան չի տարածել, ակնհայտ է, որ թուրքական կողմն իր վերաբերմունքը չփոխվելու պարագայում նոր դիվանագիտական սկանդալի կիզակենտրոնում է հայտնվելու՝ այս անգամ Ղրղզստանի հետ:
Նարինե Մեհրաբյան