Արցախի Հանրապետության վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:
«Ուրախալի է, որ վերջին տարիներին ակտիվ ու բազմակողմանի համագործակցություն է ձևավորվել Երևանի քաղաքապետարանի հետ: Կարծում եմ՝ լավ օրինակ կլինի նաև Արցախի և Երևանի կրթական օջախների միջև համագործակցությունը: Այս առումով, տեսակապի հնարավորությունը փորձի փոխանակման համար կարող է որպես մշտական միջոց ծառայել և ուսուցման պրոցեսում շոշափելի արդյունքներ ապահովել»,- ասել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս խորացնել համագործակցության առկա մակարդակը: Նրա խոսքով, ավելի ընդգրկուն ու գործնական քայլերի անցնելու համար գործընկերների հետ նոր ծրագրեր են քննարկվում, որոնք ներառվելու են համագործակցության ընթացիկ տարվա աշխատանքային պլանի մեջ:
Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների համագործակցության արդյունքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Այնուհետև Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներն առանձին-առանձին հաշվետվության կարգով ներկայացրել են Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հետ վերջին երեք տարիների ընթացքում իրենց համագործակցության արդյունքները: Այդ առթիվ, մասնակիցների համար նաև ամփոփիչ տեղեկատվությամբ ֆիլմ է ցուցադրվել:
Հանդիպման ավարտին ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին