Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ
«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց.
«Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում Է լոկ ռոմանտիկ պատկերացումներով, գիտեմ նաեւ էն մարդկանց, որ կամուֆլյաժները հագնում են, գնում սահման: Հիմա ոնց որ թե մոդա է, որ գնանք Բաքուն գրավենք, բայց այդ հարցում պետք է օբյեկտիվ լինել ամենամեծ ռոմանտիկները հայրենասերներն են եղել, բայց նրանք տանուլ են տվել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը մի՞թե չեք համոզվել ապրիլյան դեպքերից ՀՀԿ-ն փորձի ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, դա կլինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, որ եթե տարածքներ հանձնելու մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ հայրենասեր չէ. «ժողովուրդը շատ բազմաշերտ է, մեր գենի մեջ նստած է, որ թուրքը մեր թշնամին է, ամենամեծ չուզողը ես եմ, որ տարածք հանձնվի, բայց եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Շուշիի ազատագրումից հետո երկրորդ կարեւոր օպերացիան Աղդամի ազատագրումն էր, որին մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական բոլոր ուժերը, Աղդամի ազատագրումը սկսվել է 1993 թվականի ամռանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: