Թուրքիայում անորոշ ժամանակով փակվել են Ֆրանսիայի դեսպանատունն ու հյուպատոսարանը

Անվտանգության նկատառումներից ելնելով` այսօրվանից չեն գործում Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գտնվող գլխավոր հյուպատոսարանը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի դեսպանատունը: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ անվտանգության նկատառումներով չեղյալ են հայտարարվել նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախօրոք ծրագրված տոնական միջոցառումները:
«Որոշման մասին տեղեկացվել է թուրքական իշխանություններին, որոնց հետ մշտական կապի մեջ ենք: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը և գլխավոր հյուպատոսարանը հուլիսի 13-ի ժամը 13:00-ից (թուրքական ժամանակով) անորոշ ժամանակով փակ են լինելու մինչ նոր հրահանգներ ստանալը»,- նշվում է հայտարարության մեջ:
Թուրքիայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մուրիել Դոմենաշն էլ թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն` հուլիսի 14-ին ծրագրված միջոցառումների անվտանգությունն ուղղված լուրջ սպառնալիքներ կան: