05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 4,56 մլն դրամ.ԼՂՀ կառավարության հաշվետվությունը

Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովին եւ խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաեւ ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Քանի որ կառավարությունն ի սկզբանե պարբերաբար հրապարակում էր պարենային եւ իրային աջակցության մուտքի եւ ելքի, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության մուտքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, այժմ ստորեւ հրապարակում ենք նաեւ հանգանակված գումարների ծախսերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները:

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 2,334,853,200 ՀՀ դրամ, 3,510,147 ԱՄՆ դոլար, 173,728 եվրո եւ 62,121,313 ՌԴ ռուբլի կամ, ընդհանուր առմամբ, 4,562,175,600 համարժեք ՀՀ դրամ:

Ապրիլի 4-ից մինչեւ հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետեւյալ ընդհանրական տողերը՝ ՀՀ դրամով արտահայտված՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000, ռազմական նշանակության տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198,859,700, զորակոչված քաղաքացիներին եւ կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100:

Հաշվի առնելով տվյալ ծախսերի գաղտնիությունը՝ կառավարությունը չի կարող ավելի մանրամասն հրապարակային տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարեւորելով հանգանակության ոչ միայն մուտքերի, այլ նաեւ ծախսերի թափանցիկությունը՝ գործադիր մարմինը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ավելի մանրամասն փակ հաշվետվություն մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների առջեւ՝ նրանց ցույց տալու հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները:

Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, եւ բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ բանկային հաշիվներին՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե՝ Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր եւ արքա քարտերով) համար անցնել հետեւյալ հղմամբ:

Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաեւ զգալի ծավալի իրային եւ պարենային աջակցություն, որոնք հաշվետու ժամանակահատվածում տրվել են կարիքավոր քաղաքացիներին եւ պաշտպանության նախարարությանը: Դրանց շարքում, 137 նվիրաբերված մեքենաները փոխանցվել են գլխավորապես պաշտպանության նախարարությանը, ինչպես նաեւ մի շարք այլ պետական մարմինների: Նյութական աջակցության եւ ստացված մեքենաների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները՝ կից փաստաթղթերում, իսկ ֆինանսական հանգանակության մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում:

Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի օրերին եւ դրանից հետո իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի եւ թիկունքի ամրացման կարեւոր գործում՝ վստահելով հանրապետության իշխանություններին տնօրինելու իրենց նվիրատվությունները՝ հանուն Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ