09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղյակ չենք

Այսօր աշխարհում լուրջ խնդիր է դեղերից առաջացող հակամանրէային կայունությունն իր անխուսափելի հետևանքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ ուշադրություն է դարձնում  խնդրին և դրա լուծման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերում անդամ երկրներին:

Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդիրներն  ուսումնասիրելու նպատակով ԱՀԿ-ի առաքելությունն  այս շաբաթ գտնվում է Երևանում:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաքելության անդամները ներկայացրեցին կատարած դիտարկումների նախնական արդյունքնեը և դրանցից բխող առաջարկները:

 

ԱՀԿ ներկայացուցիչները  կարևորեցին, որ հակամանրէային կայունության խնդրի լուծման համար Հայաստանում  առկա է քաղաքական կամք և այդ խնդրի լուծումը դիտվում է որպես  առողջության պահպանման  կարևոր պայմաններից մեկը:  

 

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Նիենկե վան դե Սանդեն նշեց, որ առաքելության ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ և համոզվել, որ նրանք քաջատեղյակ են խնդրին: Ընդգծվեց, որ թեև պատկան մարմիններում բավականին բարձր է իրազեկվածությունը, բնակչության լայն շրջաններում զգալի է տեղեկացվածության պակասը:

 

Առաքելության անդամները շեշտեցին, որ այժմ Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում և հույս հայտնեցին, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օերնքով այն վերահսկելի կդառնա։ Խնդրի կարգավորման գործում կարևորվեց չափորոշիչների և ուղեցույցների մշակումը:

 

ԱՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ լավ կառավարման և համակողմանի վերահսկողության շնորհիվ Հայաստանում արդյուանվետ գործում են համանման ծրագրեր` օրինակ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը»:  

 

ԱՀԿ-ի առաքելությունը Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդրի լուծման 3 հիմնական առաջարկ ներկայացրեց` ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերին, նշանակել պատասխանատու անձ և մշակել միջոցառումների ազգային ծրագիր: Մեծածավալ այս խնդրի լուծման համար առաջարկվեց առանձնացնել գերակա հարցերը և հստակեցնել խնդիրները: Որպես խնդրի լուծման գերակա պահանջ առանձնացվեց լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված հսկողությունը, ինչը ենթադրում է լաբորատոր ցանցի հզորացում և դրա հսկողությունը ռեֆերենս լաբորատորիայի կողմից:

 

 ԱՀԿ առաքելությունը կարևորեց նաև որակի ապահովման համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև վերահսկողությունը անասնաբուժության ոլորտում: Նրանք  պատրաստակամություն հայտնեցին աջակցել ազգային ծրագրի ստեղծման և լաբորատոր ցանցի հզորացման գործում:

 

ԱՀԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Պոլ Ռոջերսը շեշտեց, որ խնդիրը դիտարկվի որպես առողջության պահպանման գործոն:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնելով առաքելության կողմից կատարված մանրամասն վերլուծության համար` ընդգծեց, որ այն շատ օգտակար կլինի ապագա ծրագրերի մշակման ընթացքում: Նախարարը նշեց, որ ՛՛Դեղերի մասին՛՛ նոր օրենքի մշակումն ինքնին փաստում է, թե երկրում որքան մեծ կարևորություն է տրվում դեղորայքային քաղաքականությանը: Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, որ կազմակերպչական հարցերը շատ արագ լուծում կգտնեն: Նախարարության կենտրոնական ապարատում վերջերս կազմավորված հանրային առողջության բաժինն ակտիվորեն կընդգրկվի այս աշխատանքներում:

 

՛՛Ինձ համար շատ կարևոր է ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գաղափարը և հույս ունեմ, որ ԱՀԿ և այլ կազմակերպությունների աջակցությամբ կկարողանանք այն իրականություն դարձնել: Գնահատելով ունեցած կարողություններն ու ներուժը, ինչպես նաև առաջիկայում ստանալով ԱՀԿ առաքելության ուսումնասիրության մանրամասն արդյունքները, կհսատկեցնենք առաջիկա մեր անելիքները՛՛, – ասաց Դերենիկ Դումանյանը:

 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը հավաստիացրեց, որ նախարարության հետ գործընկերային փոխհարաբերություններն այս ծրագրի շարունակականության ապահովման  հիմք կհանդիսանան:

Հ.Գ. Henaran.am-ը ներկայացրեց ԱՆ հաղորդագրությունն առանց խմբագրման:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ