Բարի խորհուրդ ԲՀԿ-ին /վիդեո/
”Թե քաղաքական տերմինալոգիայում ինչ է նշանակում մենաշնորհ, պետք է իրենց հարցնել: Եթե իրենք քաղաքական համակարգում իրենց “զրո” են համարում, պետք է այդ հարցն իրենց տալ, իրենք ընդգրկված են քաղաքական համակարգում, և այդ տեղը Ազգային ժողովն է”,-այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր, Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե անհապաղ պետք է դադարեցնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը:
”Երևանի ընտրությունները Բաստիլի գրավումը չէ. ոչ մեկը Երևանը չի գրավելու, Երևանը երևանցիներինն է, ով կստանա առավելագույն ձայներ, նա էլ կստանձնի առաջիկա 4 տարում Երևանի կառավարումը”,-հավելեց նախարարի պաշտոնակատարը:
Նա խորհուրդ տվեց ԲՀԿ-ին, ում կարգախոսն է ”Սկսելու ենք Երևանից”, սկսել այն վայրերից, որոնց ղեկավարներն իրենց կուսակցության ներկայացուցիչներն են: ”Սկսելու ենք Երևանից, սկսելու ենք` չգիտեմ որտեղից … Երևանը իր բոլոր տնտեսական ցուցանիշներով մեր բոլոր համայնքների մեջ գտնվում է առաջին տեղում: Խորհուրդ կտամ սկսել այն համայնքներից, որտեղ իրենք են ղեկավարում և որտեղ վիճակը շատ ավելի անբարվոք է”,-շեշտեց Թովմասյանը:
Ապա հիշեցրեց Անգլիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. ”Յուրաքանչյուրը իրենից պետք է սկսի, իր շրշաջապատից, իր քաղաքական համակարգից և փորձի դրանով օրինակ ծառայել և ապա փորձի ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն ստանձնել”: