Րաֆֆու արարքը` քրեական հոդվածո՞վ
Քրեական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Դավիթ Թումասյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների իրավական գնահատականին:
Թե որքանով է օրինական “Ժառանգության” առաջնորդի քայլերը` Դ. Թումասյանը ասաց, որ դժվար է միանգամից եւ միանշանակ պատասխանելը: “Բայց վերլուծելով վերջին օրերի հրապարակումները, համադրելով փաստերի ու հանգամանքների հետ, կարելի է ասել, որ առկա են քրեաիրավական վերլուծություն պահանջող որոշ գործողություններ”,-աաց նա:
ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Ինքնիրավչությունը բնորոշվում է որպես օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին:
“Ընտրությունների օրինականությունը քննարկվել եւ ուսումնասիրվել է ազգային ու միջազգային մակարդակներով, վերլուծվել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից, հետեւաբար Ր. Հովհաննիսյանի գործողությունները ոտնձգում են Հայաստանի այն քաղաքացիների իրավունքների ու ազատությունների իրականացման սահմանված կարգի դեմ, ովքեր վերջինիս չեն ընտրել”,-ասաց նա:
Ըստ Թումասյանի, ներկայացվող արարքը դրսեւորվում է անձի կողմից ինքնագլուխ կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման մեջ: ՀՀ նախագահի երդման արարողակարգը ոչ միայն կարգավորվում է գործող օրենսդրությամբ, այլ նաեւ պահանջում է որոշակի հատուկ պայմաններ ու առանձնահատկություններ:
Քաղաքացու կողմից իր իրական կամ ենթադրյալ իրավունքների իրականացմանն ուղղված գործողությունները կարող են ամենաբազմազանը լինել: Տվյալ դեպքում անձը, ասել է թե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է “ինքնակամ վերցնել իշխանությունը”՝ իրեն հռչակելով հանրապետության նախագահ՝ դրա համար օրինական հիմքեր չունենալով:
“Այն, որ նշված գործողություններն ինքնակամ (ինքնագլուխ) են կատարվում, այսինքն` կատարվում են սահմանված կարգի խախտմամբ հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահն ընտրվում է քվեարկությամբ, որի արդյունքները հնարավոր է բողոքարկել դատարան: Ր. Հովհաննիսյանի նախագահ լինելու հանգամանքը վիճարկվել է դատական կարգով, քննարկվել է տարբեր ատյաններում”,-ասաց իրավաբանական գիտությունների թեկնածուն:
Միակ հարցը, որը գնահատողական է եւ ներկա դրությամբ հնարավոր չէ տալ դրա ստույգ պատասխանը, ըստ Թումասյանի, քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին էական, իսկ պետության եւ հասարակության շահերին խոշոր վնաս պատճառելն է: Այստեղ կարելի է խոսել նաեւ ինքնիրավչության նախապատրաստման կամ փորձի մասին, քանի որ փաստացի իրավունքներն ինքնակամ ամբողջությամբ դեռ չեն իրականացվել:
Ամփոփելով զրույցը` Դավիթ Թումասյանը գտնում է, որ քրեաիրավական տեսանկյունից առկա են որոշ հատկանիշներ: Դրանք էլ թույլ են տալիս կասկածել Րաֆֆի Հովհաննիսյանի արարքի մեջ հակաիրավական գործողությունների մասին:
“Բայց դրանց վերջնական իրավական գնահատականը կարող է տրվել միայն բազմակողմանի, օբյեկտիվ եւ ամբողջական ուսումնասիրության արդյունքում: Իհարկե, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակի քաղաքականացված լինելը, ներկայացված խնդիրը լուծվում է ոչ այդքան իրավական, որքան՝ քաղաքական դաշտում”,-ասաց Դավիթ Թումասյանը:
Ի դեպ, Henaran.am-ի զրուցակիցը նշեց, որ այս դիտարկումը զուտ մասնագիտական է եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: