27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մահմեդական փախստականները Թուրքիայում անվտանգության խնդիր ունեն

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել:

«SputnikNews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»:

Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է շուրջ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, եզդիներ, քաղդեացիներ:

Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Յոզգաթում ապաստանած հայ գաղթականներին: Վերջիններս շրջապատում ներկայանում են որպես արաբ, խոսում արաբերեն և միայն  տանն են համարձակվում հայերեն խոսել, քանի որ հայ լինելու պատճառով շատ մեծ սպառնալիքների ու հարձակումների թիրախում են գտնվում:

Հայ գաղթականները հնարավորություն չունեն կատարելու իրենց կրոնական ծեսերը, կամ կատարում են դրանք ծայրահեղ գաղտնիության պայմաններում: Նշվում է, որ ստամբուլյան եկեղեցիները նույնիսկ հստակ տեղյակ չեն, թե Անատոլիայում քանի քրիստոնյա ներգաղթյալ կա:

Թուրքիա մուտք գործելիս էմիգրանտների անձնական տվյալները արձանագրվել են, հետևաբար, պետությանը հայտնի է, թե ով ինչ ազգի և ինչ կրոնի ներկայացուցիչ է: Սակայն այդ ինֆորմացիան որևէ կերպ չի հրապարակվում: Ոչ մուսուլման փախստականների համար շատ ավելի դժվար է աշխատանք գտնելը, իսկ հնարավոր աշխատանքների համար էլ անհամեմատ ցածր են վճարվում:

Ոչ մահմեդական ներգաղթյալները անվտանգության նկատառումներով ապրում են որպես փակ համայնքներ,  նրանք իրավունք չունեն ինքնակամ հեռանալու իրենց բնակավայրից, քանի որ պարբերաբար պիտի ներկայանան ստորագրելու, չունեն կրոնական ամուսնություններ կնքելու, սեփական հանգուցյալներին հուղարկավորելու հնարավորություն:

ԺՀԿ-ի հայ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սելինա Դողանը նշել է, որ քրիստոնյա գաղթականները շատ մտահոգված են և վախենում են, թե ինքնության պատճառով իրենց հետ կարող են դժբախտություններ պատահել: Դողանն ընդգծել է, որ փախստականների խնդիրները կարգավորող իրավական դաշտը լուրջ բարեփոխումների կարիք ունի:

Սույն զեկույցը նաև հրատարակվել է գրքի տեսքով: Այն վաճառքի է հանվել հունիսի 20-ին՝ փախստականների միջազգային  օրվա առթիվ: Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը նախատեսվում է նվիրաբերել Թուրքիայում ապաստանած մարդկանց խնդիրների լուծմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ