03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը

Այսօր` ապրիլի 9-ին  ժամը 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի երդմնակալության արարողություն կատարվել է 5 անգամ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդին տված երդման տեքստն ամրագրված է Սահմանադրությամբ։ “Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի”: 

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը կմասնակցեն պատվիրակություններ` աշխարհի տարբեր երկրներից: Արցախի Հանրապետության պատվիրակությունը կգլխավորի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Պատվիրակության կազմում են` ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, այլք: 

Ռուսաստանից ներկա կգտնվեն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, “Ռոսատոմ” պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և այլք:

Ներկա կլինեն նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահի առաջին տեղակալ Ալենա Գայդուշկովան, Բելառուսի Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ցեցոխոն, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Վալերիու Զգոնեան, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին,  Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչ Մեհդի Դավաթգարին և այլք: Հայաստան են այցելելու նաեւ Վրաստանի մշակույթի նախարար Միրիանե Օդիշարիան, վերաինտեգրմանհարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորՌուսլան Պողոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, Մոլդովայի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Պոպովը, Արգենտինայի փոխնախագահ, սենատի նախագահ Ամադո Բուդուն, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովը, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը, Ալժիրի Նախագահի հատուկ ներկայացուցիչ Տայեբ Բելաիզը, Լիբանանի պետնախարար Մարվան Խերեդդինը, Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբհրայը, ՉԺՀ քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Չժաոսին, Ղազախստանի խորհրդարանի փոխնախագահ Ջակուպով Կաբիբուլա Կաբենովին, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը, Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության գծով դեսպան, ՄԱԿ-ի գործերով հատուկ բանագնաց Սին Մարուոն, Իսպանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարիա Վիկտորիա Էսկոլա Պլիեգոն, Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը:

Հյուրեր կլինեն նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը և այլք:

Ոչ ռեզիդենտ դեսպաններից ներկա կգտնվեն Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու դե Աբրեու ի Մելու Բարտոլուն, Շրի Լանկայի դեսպան  Ուդայանգա Վիրատունգան, Գինտս Ապալսը` Լատվիայի դեսպան և այլք: ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցեն նաեւ ռեզիդենտ դեսպանները, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարները:

Հայտնի է, որ ԱԺ-ի 6 խմբակցություններից հատուկ նիստին չեն մասնակցի 3-ը` “Ժառանգությունը”, Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է “Բարգավաճ Հայաստան” խմբակցությանը, ապա խմբակցության քարտուղարն ասել է, որ դա Ազգային ժողովի հերթական նիստ է, իսկ դրան մասնակցության համար իրենք որոշումներ չեն ընդունում: Խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նիստին չի մասնակցի՝ երկրից բացակայելու պատճառաբանությամբ:

Ի դեպ՝ հավատարմագրված լրագրողները հատուկ նիստի աշխատանքներին կհետևեն իրենց համար նախատեսված սրահում՝ էկրանների միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ