Ուրիշ ենք էլի
Հրավիրված էի Լոնդոն` մասնակցելու Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված մի երիտասարդական ծրագրի, որտեղ պետք է ներկայացնեի Եվրոպական կամավորական ծրագրի մասին (EVS) իմ կատարած հետազոտությունը: Լոնդոնյան ծրագրի նպատակն էր ստեղծել համագործակցություն տարբեր երկրներից ժամանած երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի կոորդինատորների միջև, որպեսզի իրականացվեն համատեղ միջոցառումներ: Ծրագրի գլխավոր խնդիրներից էր շեշտը դնել այս տարվա երիտասարդական ծրագրերի առաջնահերթություններից մեկի վրա, այն է` առողջ ապրելակերպ սպորտի միջոցով:
Ծրագրի ընթացքում բոլոր մանակիցները ներկայացնում էին իրենց ազգային սպորտային խաղերը կամ այն խաղերը, որոնցով հայտնի է տվյալ երկիրը: Ես էլ, բնականաբար, ներկայացնում էի շախմատը, ինչը առաջացնում էր շատերի զարմանքը, թե ինչպիսի մեծարանքով ու լրջությամբ ենք վերաբերվում այդ խաղին, առավելապես մեծ զարմանք և հիացմունք էր առաջացնում այն հանգամանքը, որ շախմատը որպես ուսումնական առարկա դասավանդվում է Հայաստանի դպրոցներում:
Օգտվելով այն հանգամանքից, որ Լոնդոնում էի, որոշեցի ներկա գտնվել Լևոն Արոնյանի և ադրբեջանցի շախմատիստի խաղին, սակայն պարզվեց, որ տոմսերն արդեն վաճառված էին: Ես իմ սփյուռքահայ ընկերների հետ որոշեցի դրսում սպասեյ խաղի արդյունքներին. բնականաբար հաղթեց Արոնյանը: Ես ակամա կրկին վերադարձա Հայաստանում կիսատ թողած հոդվածիս, որն սկսել էի գրել դեռևս մարտ ամսին կայացած «Ստեղծիր քո երազած երկիրը» ծրագրի ընթացքում տեղի ունեցած «մրցույթից» հետո:
Նախևառաջ պետք է նշեմ, որ ծրագրի նպատակը ձեռներեցության զարգացումն էր` մասնակիցները պետք է ձեռք բերեին ձեռնարկատիրության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագրի համար ընտրեցինք Հայաստանի շախմատի ակադեմիան, որն ունի նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար բոլոր հնարավոր պայմանները:
Ծրագրի օրակարգով նախատեսված էր հանդիպում երիտասարդ ձեռներեցների հետ, որը նույնպես կազմակերպվեց Շախմատի ակադեմիայում: Հրավիրված էին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներ Ստեփան Ադամյանը, Մարիամ Մուղդուսյանը, Արսեն Հայրյանը, Վարդուհի Բալյանը, որոնք էլ ներկայացրեցին իրենց հաջողված փորձը ձեռնարկատիրական գործում: Ծրագրի օրակարգում կար հատուկ հատված, որի ժամանակ պետք է իրականացվեր այնպիսի հետաքրքիր բան, որը հնարավոր կլիներ անվանել «Հայկական մարտահրավեր»: Հնչեցին տարբեր առաջարկներ, այդ թվում` սովորեցնել հայկական պարեր օտարերկրյա հյուրերին, սակայն դա հնարավոր եղավ նաև իրականացնել ծրագրից դուրս, ազատ ժամանցի հաշվին:
Ծրագրի մասնակիցներին առաջարկեցինք շախմատ խաղալ ակադեմիայի սաների հետ, որոնք մեծ սիրով համաձայնեցին: Նրանք նույնիսկ հումորով էին մոտենում այն փաստին, որ իրենք շախմատ են խաղալու դպրոցահասակների հետ:
Մեր օտարերկրյա հյուրերը սպասում էին, որ մրցույթը տեղի է ունենալու իրենց և դպրոցական տարիքի երեխաների միջև, սակայն մեծ եղավ նրանց զարմանքը, երբ լսարան մտան 5-6 տարեկան երեխաներ` իրենց մայրիկների հետ. ոմանք նույնիսկ ծնողների օգնությամբ նստեցին աթոռներին: Մենք մասնակիցներին բացատրեցինք, որ այդ` դեռևս ոչ դպրոցահասակ տարիքի երեխաներն են իրենց «հակառակորդները»:
Մեր հյուրերը մերժեցին խաղալ` պարզաբանելով, որ իրենք, լինելով բավական հասուն տարիքի մարդիկ, չեն կարող խաղալ այնքան փոքր տարիքի երեխաների հետ, որոնց ոտքերն անգամ չեն հասնում աթոռին, սակայն մենք հորդորում էինք, որ նրանք խաղան այդ երեխաների հետ, իսկ մարզիչն անընդհատ կրկնում էր, որ հիշարժան խաղ է սպասվում:
Մեր հյուրերը վերջապես նստեցին շախմատի սեղանի շուրջ, խաղն սկսվեց, և ընդամենը երեք րոպե հետո լսվեցին մեր հյուրերի ձայները. վերջիններս խնդրում էին դռան մոտ կանգնած իրենց ընկերներին փակել դուռը, որպեսզի մնացածները չտեսնեին, թե ինչպես են «ջախջախվում» փոքրիկ հակառակորդների կողմից: Անհնար է բացատրել այդ «զարմանավախակիսանվաստացած» վիճակը, որ մեր հյուրերն էին ապրում: Մեր հյուրերից մեկը` ազգությամբ նորվեգացի, փորձում էր փոքրիկ շախմատիստին բացատրել, որ ինքն իր երկրում շատ լավ շախմատ է խաղում, և իր շրջապատում շատերն են իրեն ճանաչում որպես ամենալավ շախմատ խաղացող, սակայն մեր փոքրիկը, առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին, առաջարկեց շարունակել խաղը, ինչն էլ ավարտվեց հերթական հաղթանակով:
Մեծ հպարտություն ու զարմանք էի ապրում` տեսնելով, թե ինչպիսի լրջությամբ են խաղում մեր փոքրիկ երեխաները` ապագա գրոսմայստերները, որոնք վստահաբար մեր վաղվա Արոնյաններն են լինելու և պատվով են շարունակելու արդեն ավանդություն դարձած շախմատային հաղթանակները: Իմ խորին համոզմամբ` տասը տարի անց մեր հյուրերը իրենց ժառանգներին հպարտությամբ պատմելու են, որ այդ չեմպիոնների հետ ժամանակին Հայաստանում շախմատ են խաղացել:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանին և ակադեմիայի ողջ անձնակազմին, ինչպես նաև ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանին:
Նելլի Գիշյան
Երիտասարդական ակումբների դաշնություն
Երևան-Լոնդոն