Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում:
Քաղաքապետը շրջել է ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարևորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում:
՛՛Այն քաղաքացիները, ում երեխաները նման խնդիրներ ունեն, արդեն ունեցան երկրորդ կենտրոնը, ուր կկարողանան այցելել: Մենք պատրաստ ենք աջակից լինել և միշտ ձեր կողքին ենք: Մեր ծրագրերում ընդգրկված է նաև 9-րդ մանկական պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգումը՛՛,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով և խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները:
Ստեղծված ծառայության գործունեությունը և երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում:
՛՛Սա հնարավորություն կտա, որ այն հազարավոր ընտանիքները, որոնց համար այս ծառայությունները դժվարամատչելի են, կարողանան անվճար օգտվել՛՛,-շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության համար՝ նշել է Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:
Տարոն Մարգարյանն այցելել է նաև ՛՛Արմենիկում՛՛ կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կետրոնի պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով կենտրոնի հարակից տարածքի բարեկարգմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա համար կտրամադրվի համապատասխան որոշում. ՛՛Մենք պատրաստ ենք աջակցելու, կտրամադրենք նաև դենդրոնախագիծ և բարեկարգմանն անհրաժեշտ այլ պարագաներ, ընդ որում՝ տարածքը պետք է ծառայի ոչ միայն կենտրոնի այցելուների, այլև հարակից շենքերի բնակիչների հանգստի ապահովմանը՛՛,- ընդգծել է քաղաքապետը: