Կանզաս ազգային գվարդիան բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը
Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված` 2013թ. ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Սենատի կողմից միաձայն ընդունվել է բանաձև: Բանաձևում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը: Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղված հայ խաղաղապահների ներդրմանը:
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից: Համագործակցությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև հետևյալ հիմնական ոլորտներում` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացի նախապատրաստմանը աջակցության ցուցաբերում և այլն:
Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, օրենսդրական, իրավապահ, արտակարգ իրավիճակների և այլ ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2013թ.-ին Հայաստանում իրականացվելու է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի տոնակատարությունը, որին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի հետ հրավիրվել է նաև Կանզասի նահանգապետը: