Րաֆֆին կերդվի առանց աստվածաշնչի
“Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Henaran.am-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երդվելու է աջը դրած Սահմանադրության վրա: “Սա պետական գործառույթ ենք համարում, ուստիեւ կարեւորում ենք երկրի մայր օրենքը”,-ասաց Խուրշուդյանը:
Երդման արարողությանը Աստվածաշունչ չի լինելու: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացյալ է, հարգում է քրիստոնեական բոլոր ծիսակարգերը, բայց ձեռքը Աստվածաշնչի վրա դնելու հարկ չկա: “Նա հոգու խորքում է հավատում, հավատը իր մեջ է, երբեք չի ստել եւ չի ստելու”,-ասաց Խուրշուդյանը: Նշենք, որ “Ժառանգություն”-ը հատուկ հրավեր որեւէ հոգեւոր այրի` չի ուղարկել: “Եթե ցանկություն ունենան մասնակցելու, ապա թող գան, մենք դեմ չենք”,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցը եզրափակեց Հ. Խուրշուդյանը:
Henaran.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից փորձեց ճշտել` ապրիլի 9-ին եթե հոգեւոր այրերից մեկը օրհնի “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողակարգը, արդյո՞ք որեւէ տույժ կստանա Վեհափառի կողմից:
Տեր Վահրամը նախ ասաց, որ ինքը հարցումների չի արձագանքում եւ չի կանխատեսում ապագան, ապա պարզաբանեց. “Յուրաքանչյուր եկեղեցական իր ծառայության վայրն ունի, որտեղ և պիտի սպասավորի: Որևէ այլ կարգի մասնակցություն կարող է լինել առաջնորդի հանձնարարությամբ կամ գիտությամբ: Սակայն նշեմ, որ որևէ եկեղեցականի նման պարագաներում որևէ տույժ կամ նկատողություն չի տրվում կամ հասնում: 2008 թ. իրադարձություններին նման պարագաներ եղել են, սակայն այդ եկեղեցականները այսօր էլ շարունակում են իրենց ծառայությունը”: