Գործարկվեցին հրապարակի շատրվանները
Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումները եզրափակվել են Հանրապետության հրապարակում, ուր կանանց տոնի առթիվ, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, վերագործարկվել են մայրաքաղաքի գլխավոր շատրվանները:
Տոնական միջոցառման շրջանակում նաեւ ֆլեշմոբ էր կազմակերպվել: Երեւանի մասին հնչող սիրված երգերից մեկի ուղեկցությամբ՝ տասնայկ զույգեր շատրվանների հարակից ճեմուղին վերածել էին պարահրապարակի:
Երեւանյան երգող շատրվաններն ապրիլի 7-ին գործարկելը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն էր, տոնի առթիվ որպես եւս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, ովքեր շտապել էին Հանրապետության հրապարակ՝ այս տարի առաջինը տեսնելու ու ունկնդրելու շատրվանների երգը: Երեւանի քաղաքապետի անունից այստեղ էլ կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկներ ու վարդեր են հանձնվել:
Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը իրենց շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետին՝ ուշադրության եւ հաճելի անակնկալի համար:
Տոնական Երեւանի տարաբնույթ միջոցառումներով հատկապես տպավորվել էին առաջին անգամ մայրաքաղաք ժամանած սփյուռքահայ ու օտարերկրացի կանայք, ում համար որքան անսովոր, նույնքան տպավորիչ էին գրեթե ամեն քայլափոխի մատուցվող անակնկալները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն