Պարենային ճգնաժամ կունենանք
‹‹Պետությունը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը կարկուտից տուժած գյուղացուն աջակցելու համար։ Սահմանամերձ գյուղերում էլ է կարկուտ տեղացել, բայց գյուղը սահմանամերձ էլ որ չլինի, պետք է ասել՝ է՛լի մեր գյուղացին հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Բոլորս ենք բարձրաձանում այդ մասին։ Գյուղացին վարկային ծանր բեռի տակ է։ Կլիմայական աղետների ժամանակ է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում գյուղացին››, – Henaran.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով կարկուտից տուժած՝ մեր հայրենակիցների խնդիրներին։
Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ սուղ ռեսուրս ունեցող պետությունն էլ պիտի կարողանա ինչ-որ կերպ հնար գտնել ու աջակցել գյուղացուն։
‹‹Դա ախր իրենց մեղքով չի եղել․ ասենք՝ սխալ կառավարման արդյունք չէ։ Բնականաբար, Կառավարությունը պետք է մտածի այս մասին, Գյուղատնտեսության նախարարությունը ևս։ Ես, անշուշտ, հասկանում եմ, որ ՀՀ-ն չունի ճոխ հնարավորույթուններ, բայց այս դեպքում պիտի լինի աջակցություն։ Միշտ էլ հնարավոր է ռեզերվներ հայտնաբերել։ Պետք է օգնել գյուղացուն, այլապես վաղն ունենալու ենք պարենային անվտանգության խնդիր։ Գյուղացին կհուսալքվի․ այսպես չի՛ կարելի։ Նա պիտի զգա, որ պետությունն աջակցում է իրեն, իր կողքին է››, – ասաց տնտեսագետը։