Հովհաննիսյանը գիտի Պռոշյանի գյուղապետի սպանության մեղավորներին
՛՛Հրաչ Մուրադյանը դարձավ հայտնի կլանի հերթական զոհը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով ապրիլի մեկին Պռոշյանի գյուղապետի սպանության մասին : Իսկ թե ում ի նկատի ունի ասելով հայտնի կլան, նա նշեց. ՛՛Դա հարցրեք նրանց, ովքեր տարբեր ժամանակներում մեղադրել են հայտնի անձնավորությանը քաղաքական սպանությունների մեջ՝ Վիկտոր Դալլաքյանին, Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին:
Դուք եք ստեղծում գաղջ մթնոլորտ, որովհետև դուք բարդույթավորված եք, եկեք ապաշխարեք այդ մեղքերը՛՛,- ասաց նա: Իր այս տեսակետը նա բացատրեց նրանով, որ այս մարդիկ ժամանակին մեղադրում էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին իրենց գործունեությունների համար, սակայն հետո մոռացան այդ ամենը և դարձան իշխանության ներկայացուցիչներ:
՛՛Այն գաղջ մթնոլորտը, որի մասին խոսեց նախագահը, ստեղծվել է ոչ թե լրատվամիջոցների պատճառով, այլ ստեղծվել է այն պատճառով, որ ՛՛մարտի մեկի՛՛ ոճրագործությունը չբացահայտվեց և քաղաքական ուժերը պատրաստվում են Երևանի ընտրություններին՛՛,-նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են բոլորը, սակայն նա հորդորեց ամեն ինչում քաղաքական ենթատեքստ չտեսնել:
՛՛Որոշ կուսակցություններ ուզում են հասարակության մեջ մնալ, բայց պետք չէ քաղաքական կեցվածք դրևսևորել, պետք չէ ամեն ինչը քաղաքականացնել:
Պատասխանատու են բոլորը, մեր երկրում ստեղծված իրավիճակի համար բոլորը հավասար պատասխանատու են և եկել է ժամանակը, որ բոլորն իրենց անձնական ամբիցիաները դնեն մի կողմ: Իշխանությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին և այնպես չի, որ լուսնից իջել ենք ու ոչ մի բանին չենք տիրապետում՛՛,-շեշտեց նա: