Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը:
«Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին» օրենքը հնարավորություն է ընձեռելու դատական հետապնդում իրականացնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ում վերաբերյալ դատական մարմինները հետաքննություն կիրականացնեն որևէ գործով:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահի դրությամբ մեջլիսի պատգամավորներից 152-ի նկատմամբ տարբեր օրինախախտումների համար իրավական գործընթաց սկսելու 800 հայտ կա` 511-ը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ), 211-ը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), 50-ը կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶկ), 23-ն էլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավորների նկատմամբ:
Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ:
Իշխանությունների կողմից քրդամետ կուսակցությանը թիրախավորելը անհանգստություն էր առաջացրել Եվրամիության ղեկավարոււթյան շրջանում: Նշվում է, որ թեման քննարկվելու է նաև Եվրախորհրդարանի հերթական նիստում:
Հիշեցնենք, որ իշխանական ԱԶԿ-ի կողմից առաջարկված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքն ընդունվել էր մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում անցկացված քվեարկության 2-րդ փուլի արդյունքում:
Աղբյուր` Ermenihaber.am